Վլադիմիր Կարապետյանն ազատվել է վարչապետի խոսնակի պաշտոնից

Վլադիմիր Կարապետյանը վարչապետի խոսնակի պաշտոնում, արխիվ

Վլադիմիր Կարապետյանն այսօրվանից չի կատարում Հայաստանի վարչապետի խոսնակի պարտականությունները։

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ», - Ֆեյսբուքում գրում է Կարապետյանը։

Վլադիմիր Կարապետյանին իր մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նախօրեին, այն հրապարակված է Կառավարության e-gov.am կայքում։

Պատճառները ո՛չ Կարապետյանի գրառման, ո՛չ վարչապետի որոշման մեջ նշված չեն։

Վլադիմիր Կարապետյանը պետության ղեկավարի խոսնակ էր նշանակվել 2019 թվականի հունվարի վերջին։