Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գոյություն չունեցող շնորհավորանքի հեղինակ, «Դիանա Հարությունյան» անվամբ հայտնի օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ինչպես նաև համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հոդվածներով:
Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հայտնում են՝ քաղաքացին արդեն կալանավորվել է։ Իսկ թե ո՞վ է «Դիանա Հարությունյան» անվան հետևում կանգնած անձը, ծառայությունից առայժմ փակագծերը չեն հայտնում։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ կեղծ հրապարակման հեղինակին առաջադրված մեղադրանքները պարզապես հարմարեցվել են նրան պատասխանատվության ենթարկելու համար։ Փորձագետի խոսքով՝ կոնկրետ նմանօրինակ կեղծ լուրերը կանխելու համար նոր օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։
«Բայց մյուս կողմից երբեք չի կարելի թույլ տալ, որպեսզի սահմանափակումները, այդ թվում նաև օրենսդրական սահմանափակումները լինեն այնպիսին, որ վտանգեն խոսքի ազատությունը։ Էստեղ պետք է գտնել այն ոսկե միջինը, որտեղ, որ չի վնասվի խոսքի ազատությունը և մյուս կողմից պատնեշ կդրվի նմանատիպ վնասակար գործողությունների», - նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Մելիքյանի կարծիքով՝ «Դիանա Հարությունյան» անվամբ հանդես եկող օգտատերը ամենևին էլ միամտաբար չի արել այդ հրապարակումը, չնայած նրան, որ քաղաքացին պնդում էր, թե չի պատկերացրել, որ իր գրած տեղեկությունը նման հետևանք կունենար։
«Այն գործիքները, որոնք որ օգտագործվել են առաջ թշնամական գործողությունները կանխելու համար և այլն, արտաքին թշնամու դեմ այն, ինչ կիրառվել է հիմա կարծես թե կիրառվում է ներքին սպառման համար, բայց էլի արտաքին էֆեկտ է տալիս», - ասաց Աշոտ Մելիքյանը։
«Դիանա Հարությունյան» անվամբ ֆեյսբուքյան էջում հունվարի 3-ին տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ իրանցի բարձրաստիճան զինվորական Քասեմ Սուլեյմանիի սպանության առիթով։ Այդ տեղեկությունն անմիջապես տարածվել էր ադրբեջանական և իրանական լրատվամիջոցներում։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոդյոյանը սխալ է համարում ամեն կեղծ տեղեկություն տարածողին քրեական պատասխանատվության ենթարկելը։ Ասում է՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ցանկացած ոք կարող է տարածել, բայց ոչ դիտավորյալ։
«Կեղծ տեղեկատվություն տարածելու համար, միայն այդ բանի համար քրեական պատասխանատվություն, այն էլ նման խիստ պատժատեսակներով սպառնալիքը ուղղակիորեն անհամատեղելի է, այսպես ասած, մեր երկրի ժողովրդավարական զարգացումների հետ, և ես դեմ եմ դրան։ Արդեն տարուց ավելի է խոսում եմ այն մասին, որ ընդհանրապես ֆեյք տեղեկատվության, կեղծ տեղեկատվության կամ մանիպուլյացիաների դեմ պայքարի շատ ավելի լավ և ավելի արդյունավետ ձևեր կան, քան միայն պատիժներով և սպառնալիքներով կանխելը կամ սպառնալը։ Դա առաջինը զանգվածային, հանրային իրազեկման և գիտակցության բարձրացմանն ուղղված քայլ է, որը պետք է պետությունը անի», - ընդգծեց Դոյդոյանը։
Փորձագետը դեմ չէ, որ նման դեպքերի համար վարչական պատասխանատվություն սահմանվի, բայց կրկին օրենսդրական կարգավորումներն այնպիսին պետք է լինեն, որ չսպառնան ազատ խոսքին։
«Ես դեմ եմ կոնկրետ կոշտ, կոպիտ միջամտություններին պետության կողմից, որովհետև միշտ միջամտությունները ցավոք հանգեցնում են արժեքավոր, առողջ քննադատությունը կանխելուն և հատկապես ինքնագրաքննության զարգացմանը, և դա ուղղակիորեն ազդելու է մամուլի կողմից լուրջ բացահայտումների կանխմանը։ Կան լրագրողներ, որոնք ուզում են այս կամ այն ապօրինությունների մասին խոսել, բայց վստահ չեն, որ իրենք 100 տոկոսով ճշմարիտ են և արդյո՞ք տիրապետում են ամբողջ տեղեկատվություններին, ուղղակի ձեռնպահ կմնան այդ մասին բարձրաձայնելուց», - ասաց Շուշան Դոյդոյանը։
Մեղադրանքը հաստատվելու դեպքում ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվը վարած անձին 2-ից մինչև 6 տարի ազատազրկում է սպառնում։