Թեհրանում ուկրաինական ավիաընկերության Boeing է կործանվել. օդանավում եղել է 176 մարդ

Արտապատկերում Flightradar24.com կայքից

Այսօր վաղ առավոտյան Թեհրանում կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737-ը, օդանավում եղել է 176 մարդ, հաղորդում են միջազգային և ուկրաինական լրատվական գործակալությունները։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ օդանավը վթարի է ենթարկվել «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից թռիչքի ժամանակ։

Իրանական IRNA գործակալությունը հայտնել է, որ ինքնաթիռը մեկնում էր Կիև։

Նույնպես իրանական աղբյուրների վկայությամբ՝ ավիաաղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Թեհրանի օդանավակայանի ներկայացուցիչը IRNA-ին ասել է, որ թռիչքի պահին այրվել է օդանավի շարժիչը։

Դեպքի վայր են մեկնել փրկարարները՝ մի քանի տասնյակ միավոր տեխնիկայով։

Իրանական Կարմիր մահիկի ղեկավար Մորթեզա Սալիմին հայտարարել է, այդուհանդերձ, թե չկա հավանականություն, որ օդանավում կենդանի մնացած ուղևորներ կարող են լինել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավի ուղևորների թիվը 180 է, ժամեր անց հրապարակվեցին ճշտված տվյալները, ըստ որոնց՝ թռիչքի համար գրանցվել են 167 ուղևորներ, ևս 9 մարդ եղել է անձնակազմում։

Ուկրաինական գործակալությունների փոխանցմամբ՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ցավակցություններն է հայտնել օդանավի զոհված ուղևորների և անձնակազմի անդամների ընտանիքներին։