Առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման շուրջ հրապարակումների վերաբերյալ:
«Համաձայն Առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։
Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարացված չէ ծախս-արդյունավետության, և թե ինչն առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը, ըստ ԱՆ-ի, 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի, բացի դրանից ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։
«Հաշվի առնելով նշվածը՝ բնակչի համար շատ ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, ինչը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը։ Հավելենք նաև, որ սա վերաբերում է բոլոր այն ծննդատներին, որոնք չեն բավարարարել այս պահանջները, բացառությամբ որոշների՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով», - փոխանցում են նախարարությունից։
Նշենք, որ 17 գյուղական համայնքների սպասարկող Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը հունվարից չի ֆինանսավորվում, 12 աշխատակիցները աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են կանգնած: