Ըստ Ղահրամանյանի, պետք է մարդկանց բացատրեին, որ բալլային համակարգը ինչ-որ դժոխային կարգավորում չէ

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Ճանապարհային ոստիկանության տուգանքների բալլային համակարգը։ Վարորդները մեկ օրացույցային տարվա համար 9 միավոր ունեն, որոշ առավել կոպիտ խախտումների դեպքում դրանք հանվում են։ Եթե վարորդը կորցնի 9 միավորն էլ՝ կզրկվի վարելու իրավունքից կես տարի ժամկետով։

«Ազատության» հարցին՝ այս նոր համակարգի կարիքը տեսնու՞մ էին, վարորդներից մեկը պատասխանեց. «Դե կարիքը կա, որ մի քիչ հանգիստ, նորմալ ձևով քշեն։ Վեց ամիս, որ անցնի մի 60 հոգի կամ մի 600 հոգի զրկվի, այն էն ժամանակ կերևա բալլայինը ինչ ա լինում»։

Տուգանային միավորներն են 0,5-ը, 1, 2, 3 կամ 4-ը, առավելագույն չորս միավոր կհանվի վարորդներից եթե նրանք արագությունը թույլատրելիից գերազանցեն 51-80 կմ ժամով։ Այս դեպքում նվազել է տուգանքի չափը նախկին 200 հազար դրամի փոխարեն այժմ սույն իրավախախտման համար վարորդների դրամապանակները 29 հազարով կպակասեն, 31-ից 50 կմ ժամով գերազանցելու դեպքում էլ նախկին 100 հազարի փոխարեն 25-ով կտունգանվեն ու կզրկվեն 3 միավորից։

Մեքենան ոչ սթափ վիճակում վարելու դեպքում, եթե արյան մեջ ալկոհոլի ծավալը գերազանցի թույլատրելիի սահմանը, վարորդը 4 միավոր կկորցնի, այս դեպքում նույնպես դրամային տուգանքը նվազել է և այժմ 29 հազար դրամ է կազմում։

Ընդհանուր առմամբ տուգանային միավոր է կիրառվելու ճանապարհային երթևեկության 100 խախտումներից 20-ի դեպքում։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սեգեյ Ղահրամանյանի խոսքով իրենք բազմաթիվ զանգեր ու նամակներ են ստանում, վարորդների մի մասն ասում են՝ շատ լավ կարգավորում է, մյուսն՝ ընդհակառակը՝ դժգոհում են։ Այդուհանդերձ ընդգծում է՝ իրազեկման խնդիր կա, ըստ նրա, իշխանություններն այս հարցում անտարբեր են։

«Այս լուրջ ռեֆորմների մասին շատ քիչ է տեղեկացվում։ Թեկուզ հենց պատգամավորները կամ նախարարները, կապ չունի, որովհետև այլ դեպքով իրենք բազմաժանր, երկար ստատուսներ են գրում, բայց այս ամենին շատ քիչ են անդրադառնում», - ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիրը։

Ղահրամանյանի պնդմամբ՝ պետք է մարդկանց բացատրեին, որ բալլային համակարգը ինչ-որ դժոխային կարգավորում չէ, այլ միտված է երթևեկությունն ավելի ապահով դարձնելուն։

«Բալլային համակարգը այդ ուղղությամբ քայլերից մեկն է, սա օրենսդրական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ է, բայց պետք է նաև քաղաքաշինական լուծումներ, անվտանգային լուծումներ։ Միայն ասֆալտ անելով ճանապարհն անվտանգ չի դառնում», - ասաց Սերգեյ Ղահրամանյանը։

Բազմաթիվ վարորդներ խնդրահարույց են համարում կայանման հարցը, բալլային համակարգով չթույլատրված գոտում մեքենան կայանելը կես միավորով կտուգանվի, շատերն ասում են՝ քաղաքում կանգնելու տեղ չկա:

«Դա լուծվում է ոչ թե կայանատեղիներ ավելացնելով, այլ հանրային տրանսպորտ ներդնելով և զարգացնելով այլ այլընտրանքային ուղևորափոխադրման մեխանիզմները՝ տրամվայ, մետրո, հեծանիվ, բայց ասել, որ «տեղ չկա և ես պետք է կանգնեմ արգելված վայրում, դա մի փոքր ազնիվ չի», - արձագանքեց Ղահրամանյանը։