Կենտրոն վարչական շրջանի ղեկավար. «Եթե կան ապօրինաբար վերցված տարածքներ, պետք է վերադարձվեն համայնքին»

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում օգտատերերի հարցերին պատասխանեց Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանը։

Ստորև ներկայացնում ենք հաղորդումից մի հատված.

«Ազատություն». – Դուք մինչև այս զբաղեցրել ենք Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը, դրանից առաջ եղել եք «Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամ, 2012-ին էլ ՀԱԿ-ի ցուցակով առաջադրվել էիք որպես պատգամավորի թեկնածու, այդ քաղաքական բովով անցնելուց հետո երբևէ Ձեզ պատկերացնո՞ւմ էիք Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։

Պողոսյան. – Ճիշտն ասած, չէ, չէի պատկերացնում կամ ընդհանրապես ես որպես պետական պաշտոնյա էլ չէի պատկերացնում, որովհետև այդ շրջաններում լրիվ այլ խնդիր էր դրված մեր հասարակության առաջ՝ ուղղակի Հայաստանի զարգացմանը խոչընդոտող մարդկանց խմբին հեռացնել իշխանությունից, իսկ արդեն 18 թվականից հետո էդ պատասխանատվությունը ստանձնելու ժամանակը եկավ ինձ համար, և ես առանց վարանելու ստանձնել եմ ինչպես նախորդ այնպես էլ այս պաշտոնը։

«Ազատություն». – Օպերայի շրջանի սրճարաններից բացի գերթե բոլոր վարչական շրջաններում անընդհատ օտարված այգիների, ստեփականաշնորհված տարածքների մասին էր մամուլը գրում՝ անուններով նախկին պաշտոնյաների, Կենտրոն վարչական շրջանում արդեն հասցրե՞լ եք ինֆորմացիա կուտակել, կա՞ն այդպիսի նախկին պաշտոնյաներ, որոնք առգրավել են տարածքներ և որոնք համայնքին ետ կվերադարձնեք Դուք։

Պողոսյան. – Անկախ ամեն ինչից ես չէի ուզենա անհատականացնել, ինչ-որ մարդկանց անուններ տալ, ես չեմ կարծում, որ մենք այդպես պետք է մոտենանք հարցին, խնդիրները պետք է լուծվեն համակարգային։ Եթե կան հանրությունից ապօրինաբար վերցված կամ անարժանիորեն վերցված տարածքներ, դրանք, այո, պետք է վերադարձվեն համայնքին և դա չի վերաբերում միայն կենտրոն վարչական շրջանին, ամբողջ Երևան համայնքին է վերաբերում։ Հիմնական գործիքը այդտեղ, ես կարծում եմ, որ պետք է լինեն բանակցությունները։ Կառավարությունը վերջերս լավ նախաձեռնությամբ է հանդես եկել և Ազգային ժողովում է արդեն այդ օրենսդրական նախաձեռնությունը, որ ապօրինի հարստացմամբ ձեռք բերված գույքը առանց դատարանի որոշման կարող է բռնագանձվել, այդ մասով նույնպես գուցե անելիք կլինի, բայց կարծում եմ, որ բոլոր այն տարածքները, որոնք կամ սեփականաշնորհվել են, կամ երկարատև վարձակալության են տրված և այս պահին ըստ էության համայնքին չեն ծառայում ճիշտ կլինի, որ այդ մարդիկ ետ վերադարձնեն համայնքին։

Մամուլը հաճախ էր գրում, որ, Կենտրոն վարչական շրջանի նախկին ու ներկա ղեկավարները՝ Մնացականյանն ու Պողոսյանը, քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերներն են։

Ֆեյսբուքյան ասուլիսի այսօրվա հաղորդման ընթացքում, օգտատեր Գյուլնարա Մովսիսյանը հարցրել էր՝ «Պարոն Պողոսյան, որքան գիտեմ դուք, լրատվական վարչության պետը, քաղաքապետը և Ձեր նորանշանակ տեղակալը վաղեմի ընկերներ եք: Այսպիսի կադրային քաղաքականությունը, հիմնված հին ընկերների սկզբունքի վրա, որքանո՞վ է հարիր հեղափոխության տրամաբանությանը»:

«Քաղաքապետ Մարությանն ընտրությունների ժամանակ 81 տոկոս քվե ստացած պաշտոնյա է, լեգիտիմության պաշարով, այդ մասին կարծում եմ կարելի է չքննարկել։ Լրատվության վարչության պետն, ում մասին խոսվում է հարցի մեջ, մեր լրագրողական համայնքի լավագույն հետաքննող լրագրողներից մեկն է Հովսեփ Կուբաթյանի մասին է խոսքը, և նա մինչև պաշտոնի անցնելը շատ բացահայտումների է մասնակցել, որոնց մասին այսօր էր տեղյակ են, մեր հանրությունը տեղյակ է, իսկ նրա նշանակումը, կարծում եմ, ամենամեծ ձեռքբերումներից մեկն է մեր համայնքի և մեր հանրության, որ այդպիսի մարդիկ են աշխատում քաղաքապետ Մարությանի հետ։ Ինչ վերաբերում է ընկերական թիմին, էնպես է ստացվել՝ ես մեծ ընկերական շրջապատ ունեմ, բայց աշխատանքով ընկերական հարաբերությունները մեկը մյուսի հետ կապ չունի», - արձագանքեց Պողոսյանը։

Ավագանու տարեվերջյան նիստի ընթացքում վարչական շրջանի ղեկավարը պատասխանելով «Լույս» դաշինքի անդամների հարցադրումներին ու պնդումներին՝ ասել էր, որ «Լույս»-ում ճգնաժամ կա ու հորդորել էր այդ ճգնաժամը չօգտագործել նեղ քաղաքական նպատակների համար։ Վարչական շրջանի ղեկավարի այս տեքստը քննադատվեց «Լույս» խմբակցության անդամների կողմից, Անի Խաչատրյանն ասաց՝ քաղաքական տեքստ եք ասում։ Վարչական շրջանի ղեկավարն ասել էր՝ «հանգիստ եղեք դուք անտեր չեք մնալու»։

«Ազատության» հարցին, թե այդ ելույթում որակում չկա՞ր, քաղաքական չէ՞ր այդ ելույթը, Պողոսյանը պատասխանեց. «Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է և որևէ քաղաքական զսպվածության չի ենթարկվում, իսկ իմ մասնակցությանն ավագանու նիստին կարգավորվում է օրենքով և կանոնադրությամբ ավագանու։ Ինչ վերաբերում է որոկումներին, իմ խոսքն, ըստ էության, հակադարձում էր Խաժակյանի ունեցած ելույթին։ Ամեն դեպքում կեղծ քաղաքական օրակարգ ստեղծելը, կեղծ լրահոսի նյութ ստեղծելը կեղտոտ քաղաքական նպատակ է, ես ուզում եմ, որ իրանք քաղաքական օրակարգ ստեղծեն և պարտադրեն»։