Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Ճրագալույցի պատարագին

Հունվարի 5-ին Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրալի տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը` առաջնորդությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցել է Սուրբ Գայանե վանքում:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի մամուլի բաժնից, պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին տոնի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Նախ կատարվել է Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվել են սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցել են Դանիելի մարգարեությունը:

Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը բարձրացել է Սուրբ Խորան և վառել կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվել է հավատացյալներին:

Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվել է Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է տարվա առաջին Տնօրհնեքը: