ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել իրաքյան Ասաիբ Ահլ ալ-Հաք խմբավորման նկատմամբ

Մայք Փոմփեո, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարությունը ուրբաթ օրը պատժամիջոցներ է սահմանել Ասաիբ Ահլ ալ-Հաք իրաքյան խմբավորման և դրա առաջնորդների նկատմամբ՝ ներառելով խմբավորումը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:

Ինչպես հայտարարել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավար Մայք Փոմփեոն զինված խմբավորումն ու դրա առաջնորդները Իրանի «մոլի դաշնակիցներն են» և «գործում են հանուն Թեհրանում իրենց աստվածների»: Պետքարտուղար Փոմփեոյի խոսքերով՝ այդ խմբավորումը բռնությունների և ահաբեկչությունների միջոցով իրանական կառավարությանը աջակցել է՝ խաթարելու Իրաքի ինքնիշխանությունը:

ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով` Ասաիբ Ահլ ալ-Հաք խմբավորումը 2006 թվականից ի վեր ԱՄՆ-ի զինված ուժերի և նրա դաշնակիցների դեմ 6000 հարձակում է իրականացրել:

Միացյալ Նահանգների այս քայլը հաջորդում է Իրաքում իրանցի ազդեցիկ գեներալի սպանությանը:

Թեհրանը Իրաքում մեծ ազդեցություն ունի և աջակցում է բազմաթիվ շիա խմբավորումների տեղակայված ինչպես Իրաքում, այնպես էլ այդ երկրի հարևանությամբ: Բաղդադը փորձում է հավասարակշռություն պահպանել Միացյալ Նահանգների և Իրանի միջև, որոնք որոշիչ ռազմական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ահաբեկչության դեմ պայքարող կառավարությանը: