ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է Բաղդադում տեղի ունեցած զարգացումներով

Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը

Հայաստանի արտգործնախարարությունը խորապես մտահոգված է վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Այս մասին նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժն անցած գիշեր Բաղդադում սպանել է Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիին: Հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ դաժան հակահարվածը չի ուշանա, դիմակայությունը կշարունակվի կրկնապատկված ուժով:

Սուլեյմանին ավելի քան 20 տարի գլխավորում էր Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանումը՝ «Ալ Քուդսը», որը գաղտնի գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս և ենթարկվում անմիջապես գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ այս առիթով խորհրդակցություն էր հրավիրել՝ դեսպանների մասնակցությամբ: