Ստամբուլում կայացավ «Լուսավորիչ» երգչախմբի ամանորյա համերգը

Վերջին 20 տարում պոլսահայ համայնքում ամանորյա ավանդույթ կա. ամեն նոր տարվա առաջին օրերին համայնքի երգչախմբերից մեկը տոնական համերգ է տալիս: Մարդիկ հավաքվում են, իրար շնորհավորում և ամանորյա մաղթանքներ հղում:

Այս տարի հերթը «Լուսավորիչ» երգչախմբինն էր: 90 տարվա պատմություն ունեցող երգչախմբի խմբավար Հակոբ Մամիկոնյանը ուրախ է, որ տարեմուտի միջոցառումն իրենց է վստահվել. - «Այս համերգները, որոնք կկոչենք մենք Ամանորի ավանդական համերգ, մեզ համար շատ սիրելի Մեսրոպ պատիրարքի օրոք ավանդույթ դարձան: Ինքն արդեն այս համերգների ծրագիրն իր մտքի մեջ էր հղացել: Ուրեմն սկզբնական շրջանում 3-4 երգչախումբ միասին համերգներ կկատարեր կարգով, իսկ վերջին 10-12 տարվա մեջ 1 երգչախումբ համերգ տալ սկսավ Ամանորի առթիվ, հերթը 2-3 տարին մեկ մեր երգչախմբին կգա, այս տարի մեր հերթն էր», - ասաց նա, ապա շարունակեց.

«Մենք 2019-ին մեր երգչախմբի 90-ամյակը տոնեցինք, ուրեմն այդ համերգը կայացավ նոյեմբեր ամսվա մեջ համերգասրահի մեջ: Այդ համերգի երգացանկն է, որ մի քիչ կրճատելով այս համերգն էլ պիտի ցուցադրենք ժողովրդին»:

Երեկ երեկոյան Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին լեցուն էր, համերգին ներկա էին Պոլսո հայոց նորընտիր Պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, համայնքի աշխարհիկ և հոգևոր անդամներ, բազմաթիվ հյուրեր: «Լուսավորիչ» երգչախմբի երգացանկում հոգևոր ու դասական ստեղծագործություններ էին:

2020 թվականից պոլսահայերն էլ լավ ակնկալիքներ ունեն, առողջություն ու խաղաղություն են ուզում, ասում են՝ հույսը ոչ թե նոր տարիների, այլ նոր սերունդների վրա է: Նրանցից մեկը նկատեց, որ գրեթե ամեն ոք Ամանորին նույն մաղթանքն է ունենում՝ առողջություն, ինչը շատ կարևոր է:

Մյուսն էլ նշում է. - «Առողջություն, հաջողություն և լավ, աղվոր տարի լինի մեզ համար»: