«Յուքոմ»-ը ցանկանում է գնել «Բիլայն» ապրանքանիշով հայտնի «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը

«Յուքոմ»-ը ցանկանում է գնել «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը, որն առավել հայտնի է «Բիլայն» ապրանքանիշով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հաստատում են՝ «ՎԵՈՆ» Արմենիա»-ն դիմել է իրենց՝ գործարքի թույլտվությունը ստանալու համար։

Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը թույլտվության գործընթացը ժամանակատար է անվանում։ Ասում է՝ մինչ իրենց որոշումը, դիմումն ուղարկում են մի քանի գերատեսչություններ, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայություն. - «Օրենքի պահանջ է, ուղարկվում է Ազգային անվտանգություն, կառավարություն, բոլոր այդ գերատեսչություններն իրենց որոշումները տալիս են, հետո նոր բոլոր դրական դիրքորոշումների դեպքում հանձնաժողովի նիստի է ներկայացվում հարցը համաձայնություն տալու»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը պարզաբանում է՝ վաճառող կողմն է սկզբում դիմում իրենց, այս դեպքում «ՎԵՈՆ Արմենիա»-ինն է նախաձեռնությունը։ «Բիլայն»-ից դեռ չեն մեկնաբանում վաճառքի մասին տեղեկությունը, խնդրում են հարցում ուղարկել մայր ընկերությանը։ Իսկ «Յուքոմ»-ից վստահեցնում են՝ առաջարկը «Բիլայն»-ից է եղել։

«Եթե չեմ սխալվում, այո, «ՎԵՈՆ Արմենիա»-ն երկար ժամանակ փնտրում էր գնորդի, և այստեղ այնպես է, որ մեր բիզնես շահը եկել է նրան, որ մենք մտադրություն ենք հայտնել ձեռքբերելու», - ասաց «Յուքոմ» ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը:

Ո՛չ «Յուքոմ»-ից, ո՛չ էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից դեռ չեն հայտնում, թե որքան է գործարքի արժեքը, միայն «Յուքոմ»-ից հաստատում են՝ «ՎԵՈՆ Արմենիան» ամբողջությամբ է վաճառում իր բաժնետոմսերը։ «ՎԵՈՆ»-ը 2006 թվականին «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսանոց փաթեթը գնել էր 341 միլիոն 900 հազար եվրոյով։

«Յուքոմ» ընկերությունն էլ դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հաստատեց՝ իրենք ստացել են դիմումը։ «Յուքում»-ն իրենց դիմել է, որպեսզի համակենտրոնացվեն, այլ կերպ ասած՝ միավորվեն «Յուքոմ»-ն ու «ՎԵՈՆ Արմենիա»-ն: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է քննի՝ արդյոք երկու ընկերությունների միավորմամբ հակամրցակցային պայմաններ չեն ստեղծվի շուկայում, ու որոշի՝ հաստատել կամ մերժել։

«Յուքոմ»-ը բաժանորդների թվով 3-րդ հորիզոնականում է՝ «Վիվասել-ՄՏՍ» և «Բիլայն» ընկերություններից հետո։ Որպես նաև բջջային օպերատոր «Յուքոմ»-ը շուկա է մտել 2015-ին՝ գնելով այն ժամանակ «Օրանժ Արմենիա»-ի 100 տոկոս բաժնեմասերը։

«Յուքոմ» ընկերությունը տևական ժամանակ կապվում էր Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ։ Ամիսներ առաջ «Սիվիլնեթ»-ը հրապարակում էր արել, ըստ որի՝ ընկերության բաժնեմասերի միայն 24 տոկոսն է պատկանում Խաչատրյանների ընտանիքին, իսկ 10,5 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա բանկ»-ին, 6,3 տոկոսը՝ նրա քրոջ ամուսնուն։ «Սիվիլնեթ»-ի ունեցած տեղեկության համաձայն՝ «Յուքոմ»-ի մնացած բաժնեմասերը պատկանում են Կիպրոսում գրանցված «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերությանը։