Անցած գիշեր Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) խորհրդարանի ընդունած կրոնական համայնքների մասին օրենքը, որը վտանգի տակ է դնում սերբական ուղղափառ եկեղեցու ունեցվածքը, երկրում բողոքի ալիք է բարձրացրել:
«Կրոնական ազատությունների մասին» օրինագծով նախատեսվում է պետությանը վերադարձնել կրոնական համայնքների հողերը, եթե դրանք սեփականություն չեն հանդիսացել մինչև 1918 թվականի դեկտեմբերի 1-ը: Այդ օրը Չեռնոգորիան, դրանից մեկ շաբաթ առաջ միավորվելով Սերբիայի հետ, մտել է սերբերի, խորվաթների, սլովենացիների թագավորության կազմ:
Սերբական ուղղափառ եկեղեցին համարում է, որ օրենքն ուղղված է իր դեմ: Կրոնական այդ համայնքը մտավախություն ունի, որ իրենից կխլեն Չեռնոգորիայում գտնվող եկեղեցիներն ու մատուռները: Կառավարությունը հերքում է այդ պնդումները:
Օրենքի քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային ցույցերով, խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ շենքի ներսում կիրառվել է արցունքաբեր գազ: Ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ցուցարարների՝ այդ թվում շուրջ երկու տասնյակ ընդդիմադիր պատգամավորների։