Հրայր Թովմասյանը վաղը կհարցաքննվի ՀՔԾ քննիչի կողմից

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, արխիվ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը վաղը հարցաքննության կանցնի Հատուկ քննչական ծառայության կողմից: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Հատուկ քննչական ծառայության հետ կա ձեռք բերված պայմանավորվածություն, քանի որ Սահմանադրական դատարանի դատավորները պետք է հարցաքննվեն, դա օրենքով է սահմանվում, որ քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորների հետ համաձայնեցվի իրենց հետ հարցաքննության տեղը և ժամը, հիմա մեզ հետ համաձայնեցվել է պարոն Թովմասյանի հարցաքննության տեղը և ժամը, նշանակվել է վաղը՝ 10:30 Սահմանադրական դատարանում»:

Հարցին, թե անձեռնմխելիության հետ կապված խնդիր չկա՞, Թովմասյանի փաստաբանը պատասխանեց. - «Խոսքը հարցաքննության մասին է, ենթադրում եմ, որ որպես վկա հարցաքննության մասին է, որովհետև Սահմանադրական դատարանի մասին օրենքի իրավակարգավորումները հաշվի առնելով՝ այդտեղ խոսքը գնում է քրեական հետապնդման մեջ չգտնվող Սահմանադրական դատարանի դատավորի մասին, իսկ քրեական հետապնդման մեջ չգտնվող անձը վկա է, որպես վկա անձեռնմխելիության խնդիր չի կարող առաջանալ»:

Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, Ամրամ Մակինյանը տեղյակ չէր: «Այս պահին այդքան տեղեկությունը ես ունեմ: ՀՔԾ քննիչը գալու է Սահմանադրական դատարան», - նշեց նա: