Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ համաձայնեց հանդիպել Արցախի պաշտպանության բանակում դեկտեմբերի 2-ին մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների հետ: Զոհված զինծառայողի մայրը, հորեղբայրը, պապիկը և իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբանը գնացին հանդիպման:
Նախքան այս հարազատները վաղ առավոտից կառավարության շենքի առջև պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Նրանք 2 անգամ փակեցին Տիգրան Մեծի պողոտան՝ որպես բողոքի նշան: Նրանք հայտարարում էին՝ ցանկանում են պարզաբանումներ ստանալ, թե ինչի հետևանքով է մահացել իրենց որդին՝ 21-ամյա զինծառայողը. - «Եթե քննություն է գնում, մինչև հիմա քննչական մարմինները մեզ չեն տեղեկացնում, դաժե զանգում ենք, ժամանակ ա լինում, զանգերին էլ չեն բարեհաճում պատասխանել»:
Զոհված զինծառայողի մայրն ասում է, թե պետք է իմանա պատճառը, թե ինչու են սպանել որդուն. - «Էնքան ժամանակ էստեղ կպառկեմ, ճանապարհները կփակեմ, որ մինչև վաշտի հրամանատարը, իրա աֆիցեռները, իրա սերժանտները ներկայանան ծնողի մոտ»:
Արցախի ՊԲ-ի հաղորդագրության համաձայն՝ Արթուր Աջամյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է դեկտեմբերի 2-ին՝ ժամը 6:50-ի սահմաններում Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, իսկ նրա ծառայակից՝ 20-ամյա Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է:
Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանն ասաց, որ վիրավորված ծառայակցի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ նրա հարազատները չեն ցանկանում խոսել դեպքի մասին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու հոդվածով:
Դեկտեմբերի 4-ին Աջամյանի հարազատները իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Ազգային ժողովի դիմաց: