ԱՄՀ-ն դրական է գնահատում Հայաստանի տնտեսական բարեփոխումները

Արժույթի միջազգային հիմնադրամի լոգոն, արխիվ

Արժույթի միջազգային հիմնադրամը դրական է գնահատում Հայաստանում տեղի ունեցող տնտեսական բարեփոխումները: Ըստ ԱՄՀ-ի, Հայաստանի տնտեսական կատարողականն ուժեղ է առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով՝ արտաքին պահուստների աճի և ավելի բարձր եկամուտների պայմաններում:

ԱՄՀ-ն այս գնահատականը տվել է «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության Հայաստանի կատարողականի առաջին ամփոփման շրջանակում։ Կազմակերպությունն ընդգծում է՝ կարևոր է պահպանել բարեփոխումների թափը՝ եկամուտների հավաքագրումն ամրապնդելու, այդ թվում` գույքի հարկման ոլորտում բարեփոխումներն ավարտին հասցնելու համար:

ԱՄՀ-ի գնահատմամբ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ համակարգ ստեղծելու միջոցով կառավարման բարելավմանն ուղղված ջանքերը կամրապնդեն կայուն և ներառական աճը:

ԱՄՀ նախագահի պաշտոնակատար Միթսուհիրո Ֆուրուսավան հայտարարությամբ է հանդես եկել.

«Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ուժեղ են առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով և բարելավվող արտաքին ու հարկային բուֆերներով: Պետական պարտքը շարունակում է մնալ նվազող հետագծի վրա, և ակնկալվում է, որ Հայաստանն իր միջնաժամկետ պարտքի թիրախին կհասնի սպասվածից մի քանի տարի շուտ: Այս նպաստավոր հանգամանքը հնարավորություն է տալիս արագացնել բարեփոխումներին ուղղված ջանքերը` ի սատարումն առավել հավասարակշռված և ներառական աճի, աղքատության կրճատման և գործազրկության նվազման նպատակի», - ասված է հայտարարության մեջ:

1994-1998 թվականներին Կենտրոնական բանկը ղեկավարած Բագրատ Ասատրյանն այսպիսի դրական շեշտադրումներով գնահատական Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից չի հիշում. - «Ընդ որում, սա ոչ միայն հայտարարություն է, նաև ամրագրված է որոշակի խոստումներով: Տեսեք, կայունացման վարկային ծրագրի շրջանակներում տրվել է մեզ խոստում, որ եթե, ապա, վարկային այս նոր պոչը կայունացման վարկի ոչ թե գումարի հատկացում է, այլ դա հնարավորության ընձեռում է Հայաստանի Հանրապետությանը: Սա մի բան է նշանակում, որ Արժույթի միջազգային հիմնադրամը հավանության է արժանացնում բարեփոխումների այն գործընթացները, որ իրականացնում են Հայաստանում, և ասում են, որ մենք այո, պատրաստ ենք»:

Կենտրոնական բանկի նախկին նախագահն ասում է՝ այս գնահատականը Հայաստանի 2019-ին գրանցած տնտեսական ցուցանիշներին համապատասխան է: Ասում է՝ ԱՄՀ-ն Հայաստանի համար 4,6 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսել, իսկ այսօր արդեն տեսանելի է, որ այդ ցուցանիշը 7 տոկոսից բարձր կլինի. - «Կարծում եմ՝ այս հանգամանքն էր, ինչպես նաև մնացած բոլոր իրողությունները, որոնք հայտարարության մեջ, ի դեպ, ընդգծված են՝ հարկային բարեփոխումների ընթացքը, հարկերի հավաքագրման աստիճանի մակարդակի բարձրացումը, կառուցվածքային բարեփոխումը, որոնց թվում առանձնահատուկ նշվում է մեր ամենացավոտ խնդիրներից մեկը՝ կոռուպցիայի դեմ պայքարը: Արձանագրում են, որ հաջողությամբ է ընթանում, իհարկե նաև խնդիր են դնում, որ հետագայում ևս այս խնդիրներին մեր իշխանություններն ուշադիր լինեն», - ընդգծեց նա:

Թեև աճի տեմպերը բարձր են, սակայն տնտեսագետը դա բավարար չի համարում Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համար, ասում է՝ տնտեսական աճի երկնիշ ցուցանիշ է պետք գրանցել:

Այս նորությանն անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ԱՄՀ-ն հերթական անգամ հանդես եկավ Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականության բարձր գնահատականով:

«Լուրջ ներդրողներն, ի դեպ, առաջնորդվում են առաջին հերթին հենց նմանատիպ գնահատականներով: Հետևաբար, այս այսօրինակ հայտարարությունները կարևոր են Հայաստանի ներդրումային գրավչությունն ավելացնելու համար», - գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում: