ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամում ստեղծված գրասենյակում

Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) մոտ 90 միլիոն դրամի խախտումներ է հայտնաբերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Հայաստան» համահայկական հիմնադրամում ստեղծված գրասենյակում։

«2018-19 թվականներին հաշվեքննիչ պալատն արդեն իսկ իրականացրել է ստուգումներ «Հայաստան» համահայկական հիմնադրամում կապված ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների հետ։ Պետական վերահսկողական ծառայությունը իրականացրել է ուսումնասիրություններ բացառապես այն մասով, որ մասը որ լիազորություններ չուներ իրականացնելու հաշվեքննիչ պալատը», - ասաց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը։

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրության ընթացքում խախտումներ է հայտնաբերվել գրասենյակի կնքած գործարքներում: Մասնավորապես, ըստ ՊՎԾ-ի, գրասենյակը ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր միջոցառումներ պետք է կազմակերպեր Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում, ինչը, սակայն, չի արել կամ թերի է իրականացրել։

«Պետք է կազմակերպվեին թվով 15 համերգներ, սակայն կազմակերպվել են քիչ թվով միջոցառումներ՝ 9 միջոցառում է կազմակերպվել, որոնցից միայն չորսն են համերգներ եղել, մնացած հինգը եղել են, օրինակ, եկեղեցիներում կազմակերպված փոքրիկ միջոցառումներ, որոնք որևէ կերպ համերգ բնորոշել հնարավոր չէր», - նշեց Աղբալյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամից պարզաբանում են՝ գրասենյակը, որի մասին նշվում է Պետական վերահսկողական ծառայության հաղորդագրության մեջ, հիմնադրամից անկախ է գործել։

«Բոլոր գումարները, որ եկել են իրենց հաշիվներին, այսինքն տնօրինելու են հենց էդ գրասենյակի միջոցով, ոչ թե «Հայաստան» համահայկական հիմնադրամ կառույցի միջոցով։ Այսինքն՝ հիմնադրամի մեջ կարելի է ասել առանձին ծրագրի իրականացման գրասենյակ է բացվել, որը իրականացնի իր աշխատանքները մեկ տարվա ընթացքում, ապա ծրագրի ավարտից հետո այն փակվել է», - ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը։

Գրասենյակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրենություն անվանումն է ունեցել, գործել միայն 2015 թվականին, իսկ դրա ղեկավարը եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը։

«Չեմ աշխատում ընդեղ, պայմանագրով եմ աշխատել, իմ առաքելությունը ավարտել եմ, ամեն ինչ հանձնել եմ, վերջացրել եմ», - ասաց Ծատուրյանը։

ՊՎԾ-ն կասկածելի է համարում նաև այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրենությունը մոտ 116 միլիոն դրամ է դուրս գրել armeniangenocide100.org-ի ստեղծման ու ընթացքի գործունեության համար, սակայն կայքը գործել ընդամենը մոտ կես տարի։ Գումարներ են դուրս գրվել նաև ֆիլմի ստեղծման համար, սակայն, ըստ ՊՎԾ-ի, այն այդպես էլ չի նկարահանվել։