Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ԱԱԾ քննիչը դատարան միջնորդություն է ներկայացրել՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի խափանման միջոց կալանքի վերահաստատման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել է Հայաստան։
2018 թվականի հունիսի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Անցած տարվա հուլիսի սկզբին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, շաբաթներ անց՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, 2018-ի դեկտեմբերին Պրահայում հայտնաբերել էին նախկին նախագահի եղբորորդուն: Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Նարեկ Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։