Փաշինյանը վստահ է՝ Արցախի նորընտիր իշխանությունները ներգրավում կունենան ղարաբաղյան խաղաղ գործընթացում

Այսօր Երևանում կայացած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին վարչապետ Նիկոլ Փշինյանը վստահություն է հայտնել՝ Արցախի նորընտիր իշխանությունները, որոնք կստանան ժողովրդի քվեն, կառուցողական ներգրավում կունենան ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործըթնացում։

Նախատեսված է, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Արցախում կայանալու են գալիք տարվա մարտի վերջին կամ ապրիլի սկզբին։

Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստն այսօր անցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի ու Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ։

Փաշինյանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որը հնչեցրել էր այս մարտին Ստեփանակերտում կայացած անվտանգության խորհուրդների համատեղ առաջին նիստին՝ բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի ներգրավածությունը էական է հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար։

«Անցած ամիսների ընթացքում այդ ներգրավվածության ավելացման անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է։ Այս տեսակետից արդյունք են տվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների իրականացրած քայլերը», - ասաց Հայաստանի վարչապետը՝ շարունակելով, - «Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը: Երկրորդ՝ փոխվել է որոշումների ընդունման մշակույթը և այդ որոշումների վրա ազդելու ժողովրդի և հասարակության դերը ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում»։

«Ակնհայտ է, որ Արցախյան հիմնահարցում հնարավոր չէ արձանագրել որևէ նշանակալից առաջընթաց առանց ժողովրդական վստահության առկայության և արտահայտման: Այս տեսակետից առավել քան էական է հակամարտության գոտում ապրող մարդկանց կարծիքը, քանի որ նրանք են լինելու խաղաղ կարգավորման որևէ տարբերակի հետ կապված օգուտների և ռիսկերի անմիջական կրողը: Այս իրողությունն առավել քան ընդգծում է Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Արցախում գալիք տարվա մարտին տեղի ունենալիք ընտրություններն այս տեսակետից ստանում են հավելյալ կարևորություն: Հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր հիմնարար փաստաթղթերը կամ ներառում են Արցախի ընտրված իշխանությունների մասնակցության հղում, կամ հաստատվել են Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չափազանց տարօրինակ» է բնութագրել որոշ կառույցների բացասական գնահատականները Արցախում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ, որովհետև եթե պիտի ընտրված ներկայացուցիչներն Արցախի ժողովրդին ներկայացնեն բանակցային գործընթացում, ինչպե՞ս կարող են ընտրված ներկայացուցիչներն ընտրվել, եթե ոչ ընտրությունների միջոցով:

«Եվ ուրեմն առավել քան վստահ եմ, որ Արցախի նորընտիր իշխանությունները, որոնք կստանան իրենց ժողովրդի քվեն և կկրեն այդ քվեն իրենց տված ժողովրդի հանդեպ պատասխանատվությամբ, կառուցողական ներգրավում կունենան խաղաղ գործընթացում: Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր», - նշեց Հայաստանի վարչապետը:

«Հայաստանի այս դերակատարումը ենթադրելու է սերտ համագործակցություն ընտրությունների արդյունքում ձևավորվելիք Արցախի նոր իշխանությունների հետ»,- ընդգծեց Փաշինյանը` շարունակելով, որ «այս տարվա ընթացքում [ղարաբաղյան հակամարտության] խաղաղ գործընթացի արդյունքները համեստ են, սակայն արձանագրվել են երկու կարևոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն»։

«Այս պայմանավորվածություններն ունեցել են երկու գործնական արդյունք. չնայած հրադադարի պարբերական խախտումներին՝ ընդհանուր առմամբ հաջողվել է խուսափել ռազմական սրացումներից և իրավիճակը պահել վերահսկելի բոլոր կողմերի համար: Այսուհանդերձ, հրադադարի խախտումները շարունակում են հանգեցնել մարդկային կորուստների, վտանգում են հակամարտության գոտու քաղաքացիական բնակչությանը և վնասում են խաղաղ գործընթացի ծավալմանը: Նույնքան կարևոր են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման ծրագրերը, որոնց շրջանակում տեղի ունեցավ լրագրողների փոխանակումը։ Նույնքան կարևոր են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման ծրագրերը, որոնց շրջանակում տեղի ունեցավ լրագրողների փոխանակումը», - ասաց վարչապետը։

Ավարտելով խոսքը Հայաստանի վարչապետը հայտարարել է՝ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, նման փորձերն աղետալի հետևանքներ կունենան հենց առաջին հերթին Ադրբեջանի համար, մանավանդ վերջին մեկուկես տարվա ընթացքում վերջին տարիների համար աննախադեպ քանակի և որակի զենք և ռազմամթերք ենք ձեռք բերել:

Այսօրվա նիստին ելույթ է ունեցել նաև Արցախի նախագահը՝ նշելով, որ Հայաստանն ու Արցախը մեկ հայրենիքի անբաժան հատվածներն են, ունենք միասնական նպատակներ ու տեսլական։

«Մենք կողմակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությանը: Մեզ համար ողջունելի են պաշտոնական Երևանի քաղաքականությունն ու քայլերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը, ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով», - նշեց Բակո Սահակյանը։