Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Փաշինյանն իր ելույթում ասել է. «Համանման առաջին նիստը տեղի ունեցավ այս տարվա մարտի 12-ին՝ Ստեփանակերտում, իսկ հիմա ահա համատեղ նիստ ենք անցկացնում
Երևանում: Կարծում եմ, այսպիսով, մի շատ կարևոր ավանդույթի սկիզբ է դրվում, որը նաև գործնական կարևոր նշանակություն ունի՝ համադրել երկու հանրապետությունների դիրքորոշումները և անելիքները մեր համատեղ օրակարգի հարցերի վերաբերյալ: Համագործակցությունը և երկխոսությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական մարմինների միջև կրում է համակարգված բնույթ և կոչված է ապահովելու տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը»:
«Մարտի 12-ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ ընդգծեցի երկու խնդիր, որոնց հասցեագրումն էական է արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար: Առաջինը Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության ապահովումն է: Անցած ամիսների ընթացքում այդ ներգրավվածության ավելացման անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է: Այս տեսակետից արդյունք են տվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների իրականացրած քայլերը: Կարևոր է, որ այդ քայլերն արտահայտել են օբյեկտիվ իրականությունը, որն ստեղծվել է տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո», - նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը և երկրորդ՝ փոխվել է որոշումների ընդունման մշակույթը և այդ որոշումների վրա ազդելու ժողովրդի և հասարակության դերը ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում:
«Հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր հիմնարար փաստաթղթերը կամ ներառում են Արցախի ընտրված իշխանությունների մասնակցության հղում, կամ հաստատվել են Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր և այս տեսակետից իր երախտագիտությունը հայտնել Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար:
«Կարևոր է, որպեսզի ադրբեջանցի լրագրողներն այցելեն Հայաստան և Արցախ, իսկ հայաստանցի և արցախցի լրագրողները լինեն Ադրբեջանում և ի վերջո կարողանան աշխատել իրար հետ: Տարբեր առիթներով ես այս տարվա ընթացքում մատնանշել եմ, որ առանց Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի ակտիվ ներգրավման և համաձայնության հնարավոր չէ հասնել կայուն խաղաղության և հաշտեցման: Հուսանք, որ այս ծրագիրը սկզիբ կդառնա ժողովուրդների խաղաղության նախապատրաստման և հաշտեցման համար», - ասել է վարչապետը:
«Մեր կառավարությունը հենց ամենասկզբից Արցախի հարցի կարգավորման առումով որդեգրել է կառուցողական դիրքորոշում և գոհունակությամբ պետք է նշեմ, որ սա արձանագրվում է նաև միջազգային մեր գործընկերների կողմից: Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս սկզբունքը հայտարարելով՝ ես հույս ունեի, որ Ադրբեջանի նախագահը հանդես կգա համանման հայտարարությամբ, ինչը բանակցային գործընթացում էական առաջընթաց ապահովելու մեծ հնարավորություններ կբացի: Ցավոք, սակայն, մենք մինչև օրս Ադրբեջանի ղեկավարի կողմից նման հայտարարություն չենք լսել և կարծում եմ՝ հակամարտության կարգավորմամբ շահգրգիռ բոլոր միջազգային կառույցներն ու գործընկերներն իրենց առաջ խնդիր պիտի դնեն քաջալերել Ադրբեջանի նախագահին՝ հանդես գալ նման հայտարարությամբ, համաձայնվել հասկանալի և տրամաբանական բանաձևի հետ, որովհետև այն ընկալումը, թե հակամարտության կարգավորման սցենարը պետք է բավարարի կողմերից մեկի պատկերացումները և արհամարհի մյուս երկու կողմերի պատկերացումները, բանակցային գործընթացում տեղապտույտ են ստեղծելու», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Իր ելույթում Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն քննարկել մեր առջև ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակներ եւ ընդունել հիմնավորված որոշումներ:
Բակո Սահակյանը Հայաստանի և Արցախի սերտ փոխգործակցությունը համարել է կարևորագույն գործոն առաջադրված խնդիրների լուծման համար՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ուժերով կյանքի կկոչվեն բոլոր ծրագրերը:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ իհարկե, այն հարցը, որ Հայաստանի վարչապետը և Արցախի նախագահը բարձրացրեցին, մեր ողջ ժողովրդի համար ունի հսկայական նշանակություն։
«Առաջնահերթությունների մասին այստեղ խոսվեցին, ես վերջից սկսեմ, պարոն նախագահ, Դուք էլ կրկնեցիք, և կարծում եմ՝ սա մեզնից յուրաքանչյուրի համար շատ էական է, եթե Հայաստանի ընտրությունները շատ մեծ կարևորություն ունեն, ապա Արցախի ապագա ընտրությունները, կարող եմ ասել՝ կրկնակի կամ եռակի արժեք ունեն մեր ողջ ժողովրդի համար, որովհետև այդ ընտրությունների թափանցիկ, արդար լինելը հսկայական քաղաքական գործիք է մեր բոլորի համար», - ասել է Հայաստանի նախագահը: