ՊՎԾ-ն մոտ 90 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել Ցեղասպանության 100-րդ տարելիցին «Հայաստան» հիմնադրամի ծախսերում

ՊՎԾ շենքը Երևանում, արխիվ

Հաշվեքննիչ պալատի կողմից 2018-2019 թվականներին իրականացվել է ստուգում «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նկատմամբ: Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կողմից Հիմնադրամում վերահսկողություն է իրականացվել բացառապես «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով Հաշվեքննիչ պալատի լիազորություններից դուրս գտնվող և նրա կողմից չստուգված հարցերի նկատմամբ:

ՊՎԾ հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89 միլիոն 942 հազար 700 դրամ արժեքով կնքված գործարքների վերաբերյալ: «Մասնավորապես, համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերության կողմից չի պատրաստվել ֆիլմ և չեն կազմակերպվել համերգներ պայմանագրով սահմանված ծավալներին համապատասխան, սակայն Հիմնադրամի կողմից ծառայությունն ընդունվել է և իրականացվել է վճարում», - ասված է հաղորդագրությունում:

Ուսումնասիրության արդյունքում Հիմնադրամին և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին իրականացվել են առաջարկություններ www.armeniangenocide100.org կայքի հանձնում-ընդունումն իրականացնելու և շահագործելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ, փոխանցում է ՊՎԾ-ն: