Ներկայացուցիչների տունը իմփիչմենթ հայտնեց ԱՄՆ նախագահին

ԱՄՆ - Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով քվեարկության արդյունքները, Վաշինգտոն, 18-ը դեկտեմբերի, 2019թ․

230 կողմ քվեներով, դեմ՝ 197-ը, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տունը ժամեր առաջ իմփիչմենթ հայտնեց նախագահ Թրամփին` իշխանությունը չարաշահելու համար, րոպեներ անց ձայների գրեթե նույն հարաբերակցությամբ հավանության արժանացավ նաև նախագահին առաջադրված երկրորդ` Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքը:

Այսպիսով, Դոնալդ Թրամփը դարձավ Ամերիկայի պատմության մեջ երրորդ նախագահը, ով իմփիչմենթի է ենթարկվել Ներկայացուցիչների տանը:

Պատմական այդ քայլից առաջ օրենսդիրները երկար ու թեժ բանավիճեցին, ավելի քան 8 ժամ շարունակված քննարկումների ընթացքում դեմոկրատները մեկը մյուսի ետևից նախագահ Թրամփին մեղադրում էին դավաճանության ու Սահմանադրությունը ոտնահարելու մեջ:

Աղմկահարույց այս քննությունը սկիզբ առավ Միացյալ Նահանգների նախագահի ու Ուկրաինայի նորընտիր առաջնորդի հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսները պնդում են` Թրամփն այդ զրույցի ընթացքում փորձել է ճնշում գործադրել Զելենսկու վրա` պահանջելով քրեական հետապնդում սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ:

Ինքը` Թրամփը, կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

Այժմ հարցը պետք է փոխանցվի Կոնգրեսի վերին պալատ` Սենատ: Այստեղ մեծամասնությունը Թրամփի կուսակից հանրապետականներն են, վերջիններիս առաջնորդն արդեն իսկ զգուշացրել է` իրենց շարքերը կուռ են, նախագահի պաշտոնանկությունը` իսպառ բացառված:

Այս ճանապարհով են անցել նաև Ամերիկայի նախագահներ Բիլ Քլինթոնը` 1998 թվականին, և Էնդրյու Ջոնսոնը` 1868-ին, նրանցից որևէ մեկի դեպքում, սակայն, գործընթացն ավարտին չի հասել, և Նահանգների պատմության մեջ որևէ նախագահ մինչ օրս պաշտոնանկ չի արվել իմփիչմենթի միջոցով:

Մանրամասները տե՛ս այստեղ