ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հարցով Ներկայացուցիչների պալատի քվեարկության նախաշեմին Դոնալդ Թրամփը նամակ է հղել խոսնակ Նենսի Փելոսիին, որում Սպիտակ տան ղեկավարն ընդդիմախոսներին մեղադրում է «ամերիկյան ժողովրդավարության դեմ բաց պատերազմ» մղելու մեջ և պնդում, որ իր դեմ հեղաշրջման փորձ են նախաձեռնել:
«Բոլորը, այդ թվում՝ Դուք, գիտեն, թե ինչ է կատարվում», - գրել է նախագահ Թրամփը՝ շարունակելով. - «Ձեր կողմից ընտրված թեկնածուն պարտվել է 2016 թվականի ընտրություններում, ձեր կուսակցությունը չի կարողացել ընդունել պարտությունը, այդ իսկ պատճառով վերջին երեք տարիների ընթացքում փորձում եք չեղարկել քվեարկության արդյունքները»:
Սպիտակ տան ղեկավարը գրել է նաև, որ ընդդիմախոսներն իմփիչմենթի գործընթացն օգտագործում են, որպեսզի ամերիկացիների ուշադրությունը շեղեն իր ձեռքբերումներից, այդ թվում՝ կայուն տնտեսական աճից և գործազրկության ռեկորդային ցածր մակարդակից:
Փելոսին նամակը ստացել է նախքան հայտարարությունը այն մասին, որ Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը կքվեարկի իմփիչմենթի հարցով բանաձևը, որում ներառված է երկու հոդված՝ իշխանության չարաշահում և Կոնգրեսի աշխատանքների խոչընդոտում:
Ներկայացուցիչների պալատում ընդդիմադիր դեմոկրատները մեծամասնություն են կազմում, քվեարկությունից հետո գործը փոխանցվելու է Թրամփի կուսակից հանրապետականների կողմից վերահսկվող Սենատ, որը պետք է ուսումնասիրի նախագահին առաջադրված մեղադրանքները և որոշի նախագահի պաշտոնանկության հարցը: