Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ռազմավարությունը հիմնված է կայուն զարգացող, նորարարական լուծումներ ընդունող, բարձր ավելացված արժեք ստեղծող, առավելապես արտահանող, բնական պաշարները խնայողաբար օգտագործող, բարեկեցություն երաշխավորող գյուղատնտեսություն ունենալու վրա:
Նախարարն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին, որոնց շրջանակում նշել է գյուղատնտեսության ցածր արդյունավետությունը, սննդամթերքի անվտանգության անբավարարությունը, ներքին շուկայում կենտրոնացվածությունը, ինստիտուցիոնալ ցածր կարողությունների առկայությունը, ինովացիաների կիրառության սահմանափակությունը:
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել առաջնահերթություններով նախատեսվող միջոցառումներին, դրանց հնարավորություններին, հնարավոր խնդիրներին, ոլորտի զարգացման մասին օրենքի մշակման ընթացքին, հողային ռեֆորմի իրականացմանը և այլ հարցերի:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման կարևորությունը՝ վերջնարդյունքում ընդունվելիք ռազմավարությանը համապատասխան: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է փաստաթղթում առկա խնդիրների լուծման նպատակով շարունակել ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները շահագրգիռ գերատեսչությունների հետ և դրանց արդյունքներով նախագիծը դնել շրջանառության մեջ: