Գյումրիի տուն-ինտերնատի աշխատակիցներն անորոշության մեջ են՝ կկորցնեն աշխատանքը, թե ոչ

Գյումրիի տուն-ինտերնատի լուծարման որոշումը թեև անակնկալ չէր, սակայն աշխատակիցները դեռ չգիտեն՝ պետական կառույցին ինչ նոր կառույց կփոխարինի, ինչ պայմաններով և գլխավորը՝ կկորցնե՞ն իրենց աշխատանքը, թե՝ ոչ:

«Լրիվ անորոշության մեջ ենք` ո՛չ գիտենք ինչ պիտի լինի մեր ճակատագիրը, ո՛չ թոշակառու ենք, որ ասենք թոշակառուների բանով գնանք, ի՞նչ պիտի լինի մեր ճակատագիրը, ես չեմ հասկանում, ո՞վ պետք է գա, ինչի՞ են գաղտնի պահում ամեն ինչ, հետաքրքիր է, թե ինչի՞ համար է այս գաղտնիությունը, լրիվ անորոշության մեջ ենք։ Ես հիմա չգիտեմ՝ ի՞նչ պիտի լինի վիճակս, եկավ դեկտեմբերի 31-ն ու մնում ես տունը, ինչքան վատ է, ի՞նչ ենք արել մենք, որ էս ձևի վարվեցին մեր հետ», - ասաց տուն-ինտերնատի աշխատակիցներից մեկը։

Կառավարությունը այս հինգշաբթի որոշեց լուծարել Գյումրու տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ը: Հոկտեմբերի կեսին 71 աշխատակիցները արդեն տեղեկացվել էին, որ տուն-ինտերնատում ապրող 156 ծերի ու հաշմանդամի խնամքը պետությունից փոխանցվելու է մասնավորին: Ըստ սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի, տուն-ինտերնատի կարիք ունեցող անձանց համար կներդրվի նոր համակարգ․ վկայական կտրամադրվի, որի շրջանակներում էլ շահառուն ինքը կընտրի, թե մրցույթը շահած որ կազմակերպությանը վստահի իրեն ծառայություն մատուցելը:

«Կան մտահոգություններ հետագայի համար, ուզում ենք իմանալ հետագան ում հետ ենք աշխատելու, շարունակելու ենք աշխատել ո՞ր կազմակերպության հետ», - նշեց մեկ այլ աշխատակից։

Մյուս մտահոգությունը բանկերում ունեցած պարտքերն են․ եթե գործազուրկ դառնան, ապա կարող են բանկում գրավադրած տնից էլ զրկվել:

Տուն-ինտերնատի աշխատակիցներից մեկն էլ ասաց. «Հենց հիմա ես 6 միլիոն պարտք ունեմ, չգիտեմ՝ էս ի՞նչ պիտի լինի, մենակ հացի հարցը չէ, որ հացի հարցը լուծես, հիմա տունդ վարկի տակ ես դրել, տունդ ձեռքիցդ կտանեն։ 72-ն էլ վարկի տակ են»։

Կառավարության որոշմամբ 15-օրյա ժամկետում ձևավորվելու է լուծարային հանձնաժողովը: Տուն-ինտերնատի լուծարման պարագայում արդյո՞ք խնամվողներին տեղափոխելու են, թե ոչ, տնօրեն Արմեն Սարուխանյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով լուծարումը վերաբերում է միայն ՊՈԱԿ-ին, տուն-ինտերնատի դռները չեն կողպվի:

«Մնացած պրոցեդուրային մասը 15-օրյա ժամկետից հետո ի՞նչ պայմաններով, ինչպե՞ս, ի՞նչ է լինելու, ես ինֆորմացիա չունեմ, բայց, որ չի լինելու կողպեքի էդ պատմությունը, դա միանշանակ է։ Խնամվողները՝ ծերերը, հաշմանդամները մնում են իրենց տեղում, փոխվում է նրանց մատուցվող ծառայությունների կազմակերպման եղանակը», - ասաց Սարուխանյանը։

Երբ կառավարությունում ներկայացվեց տուն-ինտերնատի լուծարման հիմնավորումը, նշվեց, որ ծառայությունների մատուցման համար մրցակցություն են ապահովելու, որ դրանք ավելի որակյալ դառնան:

Հաշվի առնելով, որ ՊՈԱԿ-ը լուծարվում է, ըստ էության, գործառույթ այլևս չի կարող իրականացնել, իսկ մրցույթը հնարավո՞ր է ձգձգվի, ի՞նչ է լինելու տուն-ինտերնատում խնամվողների հետ, ո՞վ է նրանց ծառայություն մատուցելու, Արմեն Սարուխանյանը պատասխանեց. «Մեր պայմանագրերի ժամկետը լրանում է հունվարի 1-ին, այսինքն մինչև դեկտեմբերի 30-ը մենք լիարժեք իրագործելու ենք մեր պարտականությունները, իսկ ինչ կապված է եղանակի հետ, թե ի՞նչ ճանապարհով է արտապատվիակելու ծառայությունները, ես էսպես ասեմ, ռեալ ինֆորմացիային չեմ տիրապետում՝ լինելու է դա մրցույթային կարգով, լինելու է որոշումներով, ես չգիտեմ։ Իհարկե, մտավախություն կա կապված ժամկետի հետ, կապված ձեր ասած հասցնելու հետ, ենթադրենք՝ մեր գործառույթներն ավարտվեցին ամսի 31-ին, ամսի 31-ին պետք է պատրաստ լինի հաջորդը, որպեսզի չխաթարվի բնականոն աշխատանքը»։

Նշենք, որ կառավարության որոշմամբ դեկտեմբերի 1-ից Գյումրիում փակվեց թիվ 1 գիշերօթիկ դպրոցը: Եվս մեկը կփակվի հաջորդ տարի: Սոցապ նախարարությունից վստահեցնում են, որ տուն վերադարձած երեխաների ընտանիքները պարբերաբար աջակցություն են ստանում՝ մթերքից մինչև կոմունալ վճարների փոխհատուցում: