Խորհրդարանն այսօր այս տարվա նախավերջին նիստում միաձայն, 105 կողմ քվեներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց երեք օրինագիծ: Օրինագծերից մեկը, որի շուրջ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը միակարծիք էին, նախատեսում է բանակում վերականգնել մարզական ակումբները և հնարավորություն տալ այդ ակումբներում մարզվել բանակ զորակոչված սպորտսմեններին: Այժմ հարցը լուծվում է տարկետման միջոցով, նշանակալի հաջողություններ գրանցած կամ ազգային հավաքականների մարզիկները ստանում են տարկետում:
Նոր նախագիծը տարկետումը չի վերացնում, այլ հնարավորություն է տալիս սպորտում հաջողություններ ունեցող, սակայն տարկետում ստանալու չափանիշներին չհամապատասխանող մարզիկների համար բանակում պայմաններ ստեղծել, որ նրանք շարունակեն իրենց պարապմունքները:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց. «Նախագիծը հավանության արժանանալու դեպքում մեծ հնարավորություններ է բացվում բանակում սպորտային մարզաձևերի առաջխաղացման, զարգացման առումով»։
Բալայանը նշում է՝ հիմնականում օլիմպիական մարզաձևերի վրա են շեշտադրում կատարելու, սակայն բոլոր հարցերին առավել մանրամասն կանդրադառնան արդեն, երբ օրենքն ընդունվի: Պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով, որն էլ կընտրի, թե ովքեր են ընդգրկվելու բանակային մարզական ակումբներում:
«Հիմնականում կենտրոնանալու ենք օլիմպիական մարզաձևերի վրա, կանոնադրությամբ, եթե օրենքը հավանության արժանանա Ազգային ժողովի կողմից, ընդունվի, կհստակեցվեն բոլոր այն ձևաչափերը և կարգը, որ նախատեսում ենք ունենալ մարզային ակումբի կապակցությամբ», - ասաց պաշտպանության փոխնախարարը։
«Բարգավաճ Հայաստանից» Վարդևան Գրիգորյանը շատ ոգևորված էր. բարձր արդյունքների համար քրտնաջան աշխատանք է պետք, երկու տարի ընդմիջումը մարզիկներին շատ է հետ գցում. «Ամենամեծ նվերն էր մարզաշխարհի համար, որովհետև ինքներդ շատ լավ գիտեք, որ, իհարկե, մեծ սպորտը թանկ հաճույք է, բայց մեծ սպորտում բարձր արդյունքների հասնելու համար հարկավոր է պայմաններ, իսկ այդ պայմաններից մեկը, որ 18-20 տարեկան մարզիկը, որի համար ամենակարևոր տարիքն է, մարզական պարապմունքները կամ մարզումների շարունակականությունը ապահովելու համար էս նախագծով դուք հնարավորություն եք տալիս ընդունվելու դեպքում էդ մարզիկներին շարունակելու իրենց մարզական գործունեությունը»։
Գրիգորյանը, նաև այլ պատգամավորները հարց բարձրացրին՝ ժամանակին նման ակումբներ բանակում գործել են, սակայն հետո գաղափարից կառավարությունը հրաժարվել է կոռուպցիոն ռիսկերի պատճառով:
Արդյո՞ք այժմ կառավարությունը վստահ է, որ կարող է խուսափել նման սցենարի կրկնությունից, երբ մարզական ակումբներում հայտնվում էին սպորտի հետ կապ չունեցող երիտասարդներ: Գաբրիել Բալայանը հայտարարեց՝ երկար քննարկել են հարցը և գիտեն ինչպես խուսափել նման անցանկալի երևույթներից։
«Սա բավական երկար է տևել, միգուցե մի տարի կամ մի քիչ անգամ ավելի, այս նախաձեռնությունը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը, ինչո՞ւմ է դա կայացել, մենք ուզում էինք փաստացի մենք մեզ համար համոզվել, որ բացառելու ենք այդ ռիսկերը, այսինքն այդ կառուցակարգերը մեզ համար պատկերավոր, վիզուալ պատկերացնել, հետո նոր ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը։ Մենք հավատացած ենք, որ չի լինելու, այդ առումով ներկայացնում ենք Ազգային ժողովի քննարկմանը այս նախագիծը» - ասաց Բալայանը։
խորհրդարանը այսօր դարձյալ միաձայն ընդունեց մի օրինագիծ, որը նախատեսվում է ոստիկանության շենքերում շենքերի մուտքերն ու ելքերին տեղադրել տեսագրող, իսկ հարցաքննության համար օգտագործվող տարածքները կահավորել տեսաձայնագրող սարքերով։ Նպատակն, ըստ փոխոստիկանապետ Տիգրան Եսայանի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող հնարավոր դեպքերի կանխարգելումն ու բացահայտումն է։
«Նախագծի նպատակն է խոշտանգումների հնարավոր դեպքերը կանխարգելելու և բացահայտելու լրացուցիչ երաշխիքներ սահմանելու նպատակով ոստիկանության ստորաբաժանումներում տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի կիրառման իրավական հիմքերի օրենսդրական ամրագրումը», - նշեց Եսայանը։