Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):
Գործը մեղադրական եզրակացությամբ այսօր ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Արսեն Բաբայանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար: