Փաշինյան. ԱՄՆ Սենատի որոշումը կարևոր է ու պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից այսօր գնահատանքի խոսք ուղղեց ԱՄՆ Սենատին ու Ներկայացուցիչների տանը՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձևեր ընդունելու կապակցությամբ։

Կեսօրին ելույթ ունենալով Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ՝ Փաշինյանը կարևոր ու պատմական որակեց ԱՄՆ Սենատի՝ հինգշաբթի օրը կայացրած միաձայն որոշումը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին:

«Ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, նաև ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ներկայացուցիչների պալատի անդամներին. գիտեք, որ հոկտեմբերի վերջին Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ամերիկայի Միացյալ Նահանգների հայությանը, բոլոր այն կազմակերպություններին, անհատներին, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման կայացման գործին, և ընդհանրապես շնորհավորել հայ ժողովրդին ճշմարտության այս պատմանակ հաղթանակի առիթով», - նշեց Փաշինյանը։

Հայաստանի ղեկավարի խոսքով, ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների որոշումը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։

«Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի և այդ պրոցեսը կարևոր է մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից, և ուզում եմ ընդգծել, որ ոչ թե 1915 թվականի ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, ավելի ճիշտ՝ այդ քաղաքականությունն է սպառնալի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար։ Գիտեք, որ, ըստ էության, շատ երկար ժամանակ, արդեն մոտ 30 տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի սահմանը, և այս երևույթները, իրողությունները մեկը մյուսի շարունակությունն են», - ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց՝ Միացյալ Նահանգների ու մի շարք այլ երկրների որոշումները արձանագրում են Թուրքիայի վարած ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում։

«Եկեք նայենք, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում. Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Իրաքի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Կիպրոսի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Հունաստանի նկատմամբ, և Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանը, և սա, ըստ էության, ի ցույց է դնում այն դերակատարումը, որ այսօր մեր տարածաշրջանում ունի, և այս առումով կարծում եմ՝ նաև միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և նաև Թուրքիային քաջալերի, որպեսզի ինքը վերագնահատի և վերանայի իր դերը մեր տարածաշրջանում», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ամփոփեց՝ Հայաստանի ինչպես նախկին բոլոր կառավարությունները, ներկայիս կառավարությունը նույնպես պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։

«Ընդ որում՝ մենք ասել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ, Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ իմ նշած գործառույթի շրջանակներում, որպեսզի Թուրքիան վերանայի իր դերակատարումը մեր տարածաշրջանում, որը, ցավոք սրտի, այսօրվա իր դերակատարմամբ իմ նշած քայլերի շրջանակներում որոշակի պատմական աղերսներ է ստանում դարասկզբի և ավելի վաղ շրջանի իրադարձությունների հետ։ Ես նշեցի դեկտեմբերի 9-ի հետ կապված օրվա վերնագիրը՝ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր», այո, կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, որ ցեղասպանության զոհերը նաև արժանապատվության պաշտպանության խնդիր ունեն, բայց Թուրքիայի նախագահի այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ արած անպարկեշտ և ցինիկ արտահայտությունները, այո, եկան ապացուցելու, որ նման պաշտպանության անհրաժեշտություն կա», - շեշտեց Հայաստանի վարչապետը։