Անկարան ամոթալի է որակում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ԱՄՆ Սենատի կողմից

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ

Պաշտոնական Անկարան ամոթալի է որակել նախօրեին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, թե Սենատի որոշումը զուրկ է պատմական և իրավական հիմքից և պարտավորեցնող բնույթ չունի: «Սենատի որոշումը պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակներից է: Այնուհանդերձ, իրականությունը անտեսելով պատմությունը քաղաքական շահերի համար օգտագործողները չեն կարող հասնել իրենց նպատակներին», - ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությունում:

Արտաքին գործերի նախարարությունը նաև ընդգծել է, որ ամերիկացի օրենսդիրների որոշումը թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերն արգելակող կործանիչ քայլ է: «Թուրքիան վճռականորեն շարունակելու է պայքարել տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար՝ չենթարկվելով նման անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը», - նշված է հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի որոշումը «քաղաքական ներկայացում» է անվանել։ Նա Թվիթերում գրել է, թե այս բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի՝ վախկոտներ անվանելով «պատմությունը քաղաքական նկրտումներին ծառայեցնողներին ու առերեսվել չցանկացողներին»:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ հայտարարել էր, թե իրենք դատապարտում և մերժում են «ծեծված պատմական հասկացողությունը քաղաքական փոքր հաշիվներին ծառայեցնող որոշումը»։ «Իրավական ուժ չունեցող այս բանաձևը չի կարող ազդել քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում Թուրքիայի իրավացի և վճռական դիրքորոշման վրա», - Թվիթերի իր էջում գրել էր Քալընը։

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը ամոթանք է տվել ամերիկացի օրենսդիրներին՝ հայտարարելով, թե «արյունոտ պատմական անցյալ ունեցողները իրավունք չունեն խմբագրել թուրքական փառահեղ պատմությունը»:

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցություններից ևս արձագանքել են երեկ ընդունված բանաձևին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մահիր Ունալը և կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել են՝ Թուրքիան դատապարտում և առոչինչ է համարում Սենատի որոշումը:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Ունալ Չավիքոզը հայտարարել է, թե այս որոշումը կարող է անդառնալի հետք թողնել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Խորհրդարանական «Ազգայնական շարժում» և «Լավ» կուսակցություններից ևս Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը դատապարտող հայտարարություններ են հնչել։