Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Վեհափառը հայտարարել է․ - «Գոհունակությամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարևորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի անդամներին և բանաձևը հեղինակած սենատորներին, ովքեր իրենց արդարամիտ կեցվածքը դրսևորեցին ի նպաստ հայ ժողովրդի ու ի շահ Հայոց ցեղասպանության ծանր հետևանքների հաղթահարման` բացելով մեր պահանջատիրության պատմական նոր էջը»։
«Մենք ողջունում ենք նաև ազգային բոլոր մեր հաստատությունների և նվիրյալ անհատների տասնամյակների ազգանվեր աշխատանքը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ ու քաջալերում նրանց այս պատասխանատու հանձնառությունը: Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին։
Մեր աղոթքն է, որ Աստված խաղաղության մեջ պահի համայն մարդկության կյանքը` զերծ Հայոց ցեղասպանության նման ողբերգություններից ու արհավիրքներից` հանուն բոլոր ժողովուրդների հաշտ ու համերաշխ ապագայի», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:
ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, որն ընդգծում է՝ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին:
Այս տարվա հոկտեմբերին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: