Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունում և բարձր է գնահատում Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։
Ֆեյսբուքում «Արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան» վերնագրի ներքո Հայաստանի նախագահը գրում է․ - «Ողջունում և բարձր եմ գնահատում ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումը։ Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարավերջից սկսված և 1915 թվականին գագաթնակետին հասած Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն վաղեմության ժամկետ չունի, որովհետև արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան»։
ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, որն ընդգծում է՝ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին:
Այս տարվա հոկտեմբերին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: