ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների գործընկերներին

Այսօր խորհրդարանի նիստի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ հանդես եկավ Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ:

«Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչեց և դատապարտեց 20-րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի, ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության՝ իրենց հայրենիքում միլիոն հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրության կողմից», - ասաց Միրզոյանը:

«Ես ձեր բոլորի անունից՝ երեք խմբակցությունների անունից ցանկանում եմ ողջունել ԱՄՆ Սենատի, ինչպես նաև դրանից առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին համապատասխանաբար թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ և փաստել, որ սրանով, այս կարևոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը», - հայտարարեց Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ շարունակելով․ - «Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես սենատորներ Մենենդեսին և Քրուզին, ինչպես նաև դրանից առաջ՝ կոնգրեսական Շիֆին, և հայ ազգի բոլոր մյուս բարեկամներին Կոնգրեսի երկու պալատներում՝ այս օրինագծերի նախաձեռնության և պաշտպանության համար»:

«Ուզում եմ նաև առանձին երախտիքի խոսքեր հղել Ամերիկայում Հայ դատի գրասենյակի և Ամերիկայում Հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, ովքեր ջանքեր չեն խնայել այս կարևոր արձանագրմանը հասնելու համար:

Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ ուզում եմ ընդգծել նաև մեր հանձնառությունը՝ ջանքեր չխնայել Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարացի հատուցման համար: Մենք՝ որպես ցեղասպանություն տեսած ժողովրդի ժառանգներ, հանձնառու ենք առաջամարտիկը լինել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, որպեսզի այլևս երբեք մարդկության պատմության մեջ նման ամոթալի էջեր չգրանցվեն», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:

ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, որն ընդգծում է՝ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին:

Այս տարվա հոկտեմբերին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: