Պաշտոնական Անկարայից ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը առաջինը արձագանքեցին նախագահական վարչակազմից։
Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե իրենք դատապարտում և մերժում են «ծեծված պատմական հասկացողությունը քաղաքական փոքր հաշիվներին ծառայեցնող որոշումը»։ «Իրավական ուժ չունեցող այս բանաձևը չի կարող ազդել քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում Թուրքիայի իրավացի և վճռական դիրքորոշման վրա», - Թվիթերի իր էջում գրել է Քալընը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունը ևս արձագանքել է բանաձևի ընդունմանը: Իր թվիթերյան էջում նա գրել է, թե բանաձևը լավ չի անդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։
«Ինչպես արդեն նշել ենք, ակնկալում ենք, որ մեր հայ եղբայրները վճռական կլինեն և Կոնգրեսին թույլ չեն տա խաթարել մեր տարաձայնությունները ակադեմիական և գիտական խողովակներով հաղթահարելու ջանքերը։ Ամեն անգամ, երբ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների կողմից պատմությունը քաղաքականացնելու փորձեր են արվել, մենք վերահաստատել ենք մեր դիրքորոշումը՝ ստեղծել մասնագիտական խումբ և ուսումնասիրել պատմությունը։ Մենք գտնում ենք, որ պատմությունը պետք է ոչ թե բաժանի, այլ միավորի ազգերի», - գրել է Ալթունը՝ հավելելով, թե ամերիկացի օրենսդիրները պատմության մեջ կմնան որպես երկու երկրների հարաբերություններին երկարատև վնաս հասցրած գործիչներ։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի որոշումը «քաղաքական ներկայացում» է որակել։ Նա գրել է, թե այս որոշումը իրավական պարտադիր ուժ չունի։ «Պատմությունը քաղաքական նկրտումներին ծառայեցնողներն ու առերեսվել չցանկացողները վախկոտներ են», - Թվիթերում գրել է Չավուշօղլուն։