Չնայած Թրամփի վարչակազմի դիմակայությանն ու Թուրքիայի պարբերական սպառնալիքներին` ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` շրջադարձային փոփոխություն մտցնելով ամերիկյան քաղաքական ուղեգծում:
Բանաձևը, որն այս անգամ էլ քվեարկության է դրել դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը, պաշտոնապես ցեղասպանություն է ճանաչում Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների իրադարձությունները:
Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ բանաձևն ընդունվել է միաձայն, բայց` չորրորդ փորձից հետո: Շաբաթներ շարունակ Ռոբերտ Մենենդեսն այն դնում էր քվեարկության, սակայն հանրապետական սենատորներն արգելափակում էին`պնդելով, թե փաստաթղթի ընդունումը լուրջ հարված կհասցնի թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին:
Ավելի վաղ` անցած հոկտեմբերին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:
Սենատի այս քվեարկությունը պատմական է, փաստում են ամերիկյան լրատվամիջոցները, հիշեցնելով, որ Կոնգրեսի վերին պալատում մեծամասնություն են կազմում նախագահ Թրամփի կուսակից հանրապետականները:
Մինչ այս պահը Սպիտակ տունն այս քվեարկությանը չի արձագանքել, և առայժմ հստակ չէ` նախագահը կստորագրի՞, թե՞ կօգտվի վետոյի իր իրավունքից:
Մանրամասները տե՛ս այստեղ