Պոլսահայ համայնքում միանշանակ չեն ընդունում պատրիարքի ընտրությունը

Պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյան, արխիվ

Պոլսահայ համայնքում միանշանակ չեն ընդունում 85-րդ պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ընտրությունը: Չնայած կիրակի օրը կայացած քվեարկության արդյունքում նա ստացել էր ձայների մեծամասնությունը, այնուհանդերձ համայնքի մասնակցության ցուցանիշը ցածր էր, ինչն էլ ստվերում է նրա ողջ համայնքի կողմից ընտրված լինելու հանգամանքը:

Ոմանք բոյկոտել և չէին եկել քվեարկությանը, մի մասն էլ սպիտակ թուղթ էր նետել քվեատուփ՝ այս ընտրությունը համարելով անարդար: Մասնավորապես՝ թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել էր, թե չի ճանաչելու ընտրված պատրիարքին: «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքերով Փայլանը, ցավոք, այս հարցում միայնակ չէ:

«Պատրիարքները շատ են սիրում «Ազգընտիր պատրիարք» կոչումը կամ տիտղոսը։ Այս անգամ այդ կոչումը մի քիչ պիտի նվազի, ճիշտ է, որ Սահակ Մաշալյան եպիսկոպոսը ձայների զգալի մեծամասնություն ապահովեց՝ 9000-ից ավելի ձայներ ստացավ ինքը, իսկ իր մարցակիցը հազիվ 3500-ի սահմաններում մնաց։ Այս լուրջ տարբերություն է, բայց այդպես մնալով հանդերձ նախևառաջ հստակ չգիտենք ընտրողների իսկական թիվը։ Ենթադրաբար 60 հազարի խոսք կա, բայց այդ 60 հազարի մեջ բոլորս գիտենք, որ կան մահացածներ, կան կրկնակի գրանցվածներ, հետևաբար այդ թիվը վստահելի չէ և դրա փոխարեն գործածված ձայների թիվը հասնում է 13 հազարի։ Սա նշանակում է, որ ժողովրդի կարևոր մի մասը անտարբեր է մնացել այս ընտրության նկատմամբ։ Այդ անտարբերությունը գալիս է իրենց անհատական չեզոքությունից, թե ոչ, հատկապես այս ընտրության անընդունելի լինելու ընկալումից», - ասաց Էստուկյանը։

Նախօրեին Պոլսո Հայոց պատրիարքարանի մայր եկեղեցում գումարված Ազգային պատգամավորական ժողովը 102 ձայնով Սահակ եպիսկոպոս Մաշալյանին ընտրեց Պոլսո աթոռի 85-րդ գահակալ: Պատրիարքական իր առաջին ելույթում Սահակ Երկրորդը խաղաղության և միասնության պատգամ տվեց:

Նոր պատրիարքից համայնքում ակնկալիքները նույնպես տարբեր են: 12 տարվա սպասումից հետո Թուրքիայի հայությունը, որի առաջ շատ խնդիրներ են ծառացել, վերջապես պատրիարք ունի: «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եթվարդ Դանզիկյանի կարծիքով, համայնքային հարցերի լուծման համար պատրիարքի գործակցությունը պետության հետ անհրաժեշտ նախապայման է, սակայն շատ բաներ փոփոխության կարիք ունեն:

Պոլսահայ համայնքի ամենաազդեցիկ գործիչներից Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն լիահույս է, որ նոր պատրիարքը համայնքի աջակցությամբ կկարողանա լուծել տարիների ընթացքում կուտակված բազմաթիվ խնդիրները:

«Ես մեծ հույսեր եմ կապում նոր պատրիարքի հետ: Սակայն նրա ուսերին այժմ ծանր բեռ կա և աշխարհիկ գործիչներն ու հոգևորականները պետք է աջակցեն պատրիարքին իր դժվարին գործում: Հավատում եմ, որ համայնքն ու եկեղեցականները կսատարեն պատրիարքին: Ինքս միշտ եղել եմ համայնքի կողքին և համայնքի ուրախությունը իմ ուրախությունն է: Այսօր մեր համայնքը երջանիկ է, և ես կիսում եմ այդ զգացումը: Իհարկե, բոլորս միասին լինելու ենք մեր նոր պատրիարքի կողքին», - ասաց Շիրինօղլուն: