Թրամփը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և օրենսդիրի աշխատանքը խոչընդոտելու մեջ

ԱՄՆ Ներկայացուցիչների տան իրավական հանձնաժողովի նախագահ Ջերի Նադլեր, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան դեմոկրատները հրապարակել են երկու հոդվածները, որոնցով մտադիր են իմփիչմենթի ենթարկել հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին:

Նրան մեղադրում են «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և օրենսդիրի աշխատանքը խոչընդոտելու» մեջ:

Ներկայացուցիչների տան իրավական հարցերով հանձնաժողովի դեմոկրատ նախագահ Ջերի Նադլերն ասել է, որ «Թրամփն իրեն օրենքից բարձր է դասել»:

Այսօր ավելի վաղ Թրամփը Թվիթերում տեղադրած գրառմամբ վերստին պնդել է, որ օրենք չի խախտել և իմփիչմենթի նախաձեռնությունը անվանել է «քաղաքական խելագարություն»:

Ներկայացուցիչների տանը մեծամասնություն կազմող դեմոկրատները պնդում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ամռանը տեղի ունեցած հեռախոսազրույցում Թրամփը փորձել է կորզել 2020 թվականի ընտրություններում հավանական թեկնածու, նախկին դեմոկրատ փոխնախագահ Ջո Բայդենին վարկաբեկող տեղեկություններ:

Կոնգրեսում իմփիչմենթի ենթարկվելու դեպքում նախագահի խնդիրը կքննարկվի Սենատում, որտեղ հանրապետականներն ունեն մեծամասնություն, և ինչպես վերլուծաբաններն են պնդում, կկանխեն Թրամփի պաշտոնանկումը: