Զելենսկու համոզմամբ՝ փարիզյան բանակցությունները «ոչ-ոքի» են ավարտվել

Ֆրանսիա - «Նորմանդյան քառյակի» առաջնորդները բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ, Փարիզ, 9-ը դեկտեմբերի, 2019թ․

«Ոչ-ոքի»` այսպես է բնութագրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Նորմանդյան քառյակի» նախօրեին Փարիզում կայացած բանակցությունների արդյունքները` նշելով, որ իր և Ռուսաստանի նախագահի առաջին հանդիպումն անցել է բավական լարված մթնոլորտում:

«Ես կարծում եմ բոլորն էլ հոգնել էին: Մենք զրուցեցինք, և այդ զրույցի ընթացքում տիրող տրամադրությունը փոփոխական էր: Երբեմն լարված էր, երբեմն ավելի թեթև էր ամեն ինչ: Բայց ես չեմ կարող ասել, թե ով է հաղթել: Գուցե ավելի ճիշտ կլինի, որ այդ հարցին դիվանագետները պատասխանեն, բայց եկեք այսպես ձևակերպենք` սա ոչ-ոքի էր», - նշում էր Ուկրաինայի նախագահը:​

Ավելի քան ութ ժամ շարունակված բանակցությունների ընթացքում Արևելյան Ուկրաինայի հակամարտության կարգավորման առումով կողմերը որևէ շրջադարձային համաձայնության այդպես էլ չկարողացան հանգել:

Չնայած դրան, Զելենսկու և Պուտինի հանդիպումը դժվար է լիակատար ձախողում անվանել: Որոշ ընթացիկ խնդիրների շուրջ երկու նախագահները երեկ կարողացան ընդհանուր լեզու գտնել:

«Կողմերը պայմանավորվել են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ձերբակալված անձանց փոխանակում իրականացնել` հիմնվելով «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքի վրա», - հայտարարում էր Զելենսկին` ենթադրելով, որ գերիների փոխանակումը ըստ ամենայնի կկայանա դեկտեմբերի 24-ին, և դրա ընթացքում Կիևին 72 մարդ կվերադարձվի:

Բացի այդ, երեկ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են մինչև տարեվերջ Արևելյան Ուկրաինայում ամբողջական հրադադարի ռեժիմ հաստատել, ինչպես նաև հստակեցնել Դոնբասի այն երեք շրջանները, որտեղ մինչև 2020 թվականի մարտ ամիսը տեղակայված ստորաբաժանումների տարանջատում տեղի կունենա:

Դրան զուգահեռ, սակայն, պաշտոնական Մոսկվան որոշ նախապայմաններ է առաջ քաշում:

«Հրադադարի հաստատումը պետք է համընթաց լինի Ուկրաինայում քաղաքական բարեփոխումների անցկացմանը, որոնք նախատեսված են Մինսկի համաձայնագրերով: Նախևառաջ խոսքը Ուկրաինայի Սահմանադրության փոփոխությունների մասին է, որոնցով ամրագրվում է Դոնբասի հատուկ կարգավիճակը և դրա մշտական բնույթը: Չի կարելի ձգձել նաև մյուս պարտավորությունների կատարումը», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը` հատուկ ընդգծելով հատկապես Դոնբասում կռված զինյալների համաներման անհրաժեշտությունը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այդուհանդերձ, երեկ կայացած բանակցությունների ավարտին հարկ համարեց հատուկ ընդգծել, թե որոնք են այն սկզբունքները, որոնց խախտմանը Մոսկվայի հետ շփումներում ինքը երբեք չի համաձայնի:

«Առաջին սկզբունքը Ուկրաինայի` դաշնային պետության վերածման անհնարինությունն է: Ուկրաինան ունիտար պետություն է: Տարածքային զիջումների միջոցով Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորումը ևս անհնարին է: Մենք գիտենք, որ ցանկացած ուկրաինացու համար Ղրիմը և Դոնբասը ուկրաինական տարածքներ են», - հայտարարում էր Զելենսկին:

Փարիզում կայացած բանակցություններին մեծ ուշադրությամբ էին հետևում հատկապես Կիևում: Ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչները, որոնց մեջ մեծ թիվ են կազմում հատկապես նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմնակիցները, օրեր շարունակ կանխատեսում էին, որ Զելենսկին փարիզյան բանակցությունների ընթացքում կարող է լիակատար կապիտուլյացիայի գնալ: Երբ դա տեղի չունեցավ, Կիևի կենտրոնում հավաքված ընդդիմության աջակիցներն այդ հանգամանքը բացատրեցին Զելենսկու վրա գործադրվող հանրային ճնշմամբ:

«Փառք Աստծո, Զելենսկին արագ կապիտուլացման չգնաց: Նա դա կարող էր անել: Դա, սակայն, ուկրաինացիների համար պետք է ազդակ լինի, որ այս իշխանությանը հարկավոր է վերահսկել և ուղղորդել», - անցած գիշեր նշում էր Կիևի կենտրոնում ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից մեկը: