Ֆրանսիայում շարունակվում է գործադուլն ընդդեմ նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների՝ երեկ արդեն հինգերորդ օրն էր:
Վաղը վարչապետ Էդուար Ֆիլիպը պետք է ամբողջությամբ ներկայացնի վիճահարույց բարեփոխումների փաթեթը:
Երեկ ևս Փարիզում մետրոն գրեթե չէր գործում, ավտոբուսների միայն կեսն էին երթուղի դուրս եկել, գրեթե չէր գործում երկաթուղին: Հրապարակվել էր ուղևորներին ուղղված կոչ՝ հնարավորության դեպքում խուսափել կայարաններ մտնելուց՝ հրմշտոցից խուսափելու համար:
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է պարզեցնել կենսաթոշակների համակարգը, որը ներկայիս դրությամբ կազմված է չորս տասնյակից ավելի տարբեր ծրագրերից: Արհմիությունները, մինչդեռ, ենթադրում են, որ բարեփոխման արդյունքում աշխատողները սահմանված 62 տարեկանից ավելի ուշ և ավելի քիչ փողով կանցնեն թոշակի: