Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է ինքնուրույն գաղտնալսելու հնարավորություն տալ նաև ոստիկանությանը։ Գաղտնալսելու հնարավորություն ունի միայն Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ոստիկանությունն այդ հնարավորությունը ստանում է միայն Ազգային անվտանգության ծառայությանը դիմելուց հետո։
Նախագիծն այսօր Ազգային ժողովում քննարկվում էր առաջին ընթերցմամբ։ Նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանի մեկնաբանմամբ՝ սա միտված է ոստիկանության բարեփոխմանը, հանցագործությունների կանխարգելմանը։
«Կարևոր, պրակտիկ բարեփոխման նորմ է սա, և այն միտված է հենց բարեփոխումների: Մենք արդեն տեսնում ենք խնդիրը և օր առաջ պետք է լուծել այն», - ասաց Խաչատրյանը:
«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է սահմանել ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացումը՝ օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով, հաշվի առնելով, որ ոստիկանությունն ընդգրկված է օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ և ունի օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում։ Ըստ նախագծի՝ այդպիսով կխուսափեն ԱԱԾ-ին դիմելու վարչարարությունից, որը ժամանակատար է։ Իշխանական պատգամավորների այս նախաձեռնությանը դեմ է կառավարությունը։ Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը պարզաբանեց՝ չբարեփոխված ոստիկանությունում ռիսկային է։
Սրբուհի Գալյանը նշեց․ «Արդյո՞ք մենք երաշխավորում ենք այս փուլում առանց բարեփոխված ոստիկանություն ունենալու, չգիտեմ, ինֆորմացիայի արտահոսքը և նման այլ ռիսկերը արդյո՞ք մենք գնահատում ենք, թե՞ ոչ: Այն, որ կառավարությունն այս պահին դեմ է նախագծի ընդունմանը, պայմանավորված է հենց այդ հանգամանքով, որ դեռևս չի վերջնականացվել ոստիկանության ռազմավարության, ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծարագիրը»:
Չնայած փոխնախարարի հիմնավորումներին, իշխանական պատգամավորները և ոչ միայն, հակադարձեցին՝ օր առաջ ոստիկանությունը պետք ինքնուրույն իրականացնի գաղտնալսումը։ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց՝ ոստիկանությունը այս հնարավորությունը նախկինում ուներ և զրկվեց 2008-ի մարտյան դեպքերից առաջ:
«Պատահական չի, իմ կարծիքով, 2007 թվականին ոստիկանությանը, երբ զրկել էին այդպիսի հնարավորություն ունենալուց և 2008-ին տեղի ունեցավ Մարտի 1-ը և վերջերս շրջանառության մեջ հայտնվեց Անվտանգության ծառայության գեներալ-մայոր Տիգրան Բաղդասարյանի խոստովանական ցուցմունքները նախաքննական մարմնին առ այն, որ Մարտի 1-ի գործով Անվտանգության ծառայության մարմինները կեղծել են փաստաթղթեր, և եթե ոստիկանությունը այդ ժամանակ ունենար նման գործառույթ, ես համոզված եմ, որ նման կեղծումները կլինեն անհնար և այսօր, ըստ էության, այս նախագծով մեր գործընկերը առաջարկում է այդ դաշտ մտցնել երկրորդ օպերատորին, որն այդ համակարգում ունի ամենալայն գործողությունների պատասխանատվություն», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Ոստիկանությանն այդ հնարավորությունը տալով՝ կստեղծվի ուժային կառույցների փոխզսպման և հավասարակշռման համակարգ։ Հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը և հետաքրքրվեց ինչո՞ւ ոստիկանությունը զրկվեց դրանից։
«Սերժ Սարգսյանը, որ արդեն համալրել էր Հանրապետական կուսակցությունն իր քրեական ընկերներով, օլիգարխներով, անհրաժեշտ էր համարել, որպեսզի ամբողջ տեղեկությունները հավաքեր իր բռում՝ Ազգային անվտանգության ծառայությունում և դրանով փաստորեն ոստիկանությանը զրկեց գաղտնալսելու հնարավորությունից», - նշեց Բաբաջանյանը:
Ընդդիմադիր խմբակցություններից հարցի քննարկմանը մասնակցեց «Բարգավաճ Հայաստան» խբակցության պատգամավոր Միքայել Մելքումայնը։ Նրան էլ էր հետաքրքրում՝ ինչու 2007 թվականին որոշվեց կենտրոնացնել կառույցներից մեկի ձեռքում միայն։
«Տենց բան կա չէ՞, կառավարության ծրագիրն ապահովող միջոցառումների ցանկ տարեկան, այդ ցանկում ներառված են էն, ինչ մասին դուք ասում եք՝ կապված հակակոռուպցիոն մարմնի այլ քննչական մարմիններին տրվելիք, այսինքն՝ դուրս է գալիս, որ դաշտն ազատականացվում է», - նշեց Մելքումյանը:
Իշխանական պատգամավորները հիմնավորումները ներկայացնելուց հետո կոչ արեցին կողմ քվեարկել նախաձեռնությանը, արդարադատության փոխնախարարը հակառակը․ «Խնդրում եմ ձեզ, այսօր դեմ քվեարկել նախագծին»:
Նախագծի քննարկումն ընդմիջվեց։ Այն քվերակության դեռ չի դրվել։