Մնացականյան. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նաև կանխարգելելու քայլ է

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը։

«Հայաստանը վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում», - ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ իր ելույթում ասել է նա:

Ըստ նախարարի՝ այսօր՝ ծայրահեղականության աճի, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի միջազգային հանձնառության անկման ժամանակաշրջանում, այս և մարդկության առջև ծառացած այլ լրջագույն մարտահրավերների դեմ արդյունավետ առերեսման հարցում կրթությունն առանցքային նշանակություն ունի, առանցքային է նաև ցեղասպանությունների կանխարգելումը:

«Ժխտողականությունը և անպատժելիությունը կանխարգելման հիմնական խոչընդոտներն են: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանության վերապրածների սերունդներին և խոչընդոտում է իրական հաշտեցումը: Ժխտողականության դեմ պայքարը եղել և մնում է մեզ համար ամենամեծ գերակայություններից մեկը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք գիտակցում ենք նաև մեր պարտավորությունը «այլևս երբեք»-ի օրակարգի առաջմղման հարցում: Այս համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն ուղղակի քայլ է մեր արդարությունը ճանաչելու, այլ նաև քայլ է ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ, որովհետև դա պատգամ է, որ անպատժելիությունը չի աշխատելու», - նկատել է նա: