Կազմակերպված հանցավորությունը ներկայացնող մարդիկ չպետք է հնարավորություն ունենան իրենց ազդեցությունը տարածելու հասարակության որևէ շրջանակում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Փաշինյանի կառավարության անդամն ընդգծեց՝ առկա է քաղաքական կամք կազմակերպված հանցավորության դեմ կոշտ պայքարն առաջ մղելու համար, միաժամանակ հավելելով. «Մեր կառավարության համար էլ մարդու իրավունքները գերակայություն են և բացարձակ գերակայություն են, այսինքն՝ ինչքան էլ խիստ լինի մոտեցումը օրենսդրական, ինչքան էլ խիստ պրակտիկայում պայքարենք կազմակերպված հանցավորության դեմ, իսկ դուք արդեն ֆիքսել եք, որ ներկայիս կառավարությունն ունի բավարար քաղաքական կամք դա անելու, մարդու իրավունքները լինելու են գերակայություն: Բնականաբար, այս ոլորտում որևէ կարգավորում կամ որևէ պրակտիկայում կիրառում, որը կհակասի մարդու հիմնարար իրավունքներին, պետք է բացառվի, բայց միաժամանակ կոշտ պայքար պետք է տարվի, պետք է իրականացվի կազմակերպված հանցավորություն դեմ առհասարակ, և նմանատիպ մարդիկ ուղղակի իրենց ազդեցությունը հասարակության որևէ շրջանակում տարածելու հնարավորություն պետք է չունենան»:
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը քրեականացնող նախագիծն անցած ամիս առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում: Ըստ օրինագծի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով: Եթե նույն արարքը կատարվել է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից, Զինված ուժերում, անչափահասի ներգրավմամբ և այլն, ապա ավելի խիստ պատիժ է սահմանվում՝ 8-12 տարվա ազատազրկում:
Ի դեպ, Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով քրեական պատիժ է սահմանվում նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար: Այս դեպքում էլ նախատեսվում է 4-8 տարվա ազատազրկում: Քրեական պատիժ է սահմանվում նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով օգուտ ստանալու համար: Այսինքն, քրեական հեղինակությանը դիմելը նույնպես կպատժվի՝ այս դեպքում 3 տարվա ազատազրկմամբ։
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանում էր հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումի շրջանակում։ Երևանում հյուրընկալել էին Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին։
Վրաց պաշտոնյային խնդրեցինք ներկայացնել կազմակերպված հանցավորության, «օրենքով գողերի» դեմ պայքարի վրաստանյան փորձը։
«Վրաստանում ամեն ոք տեղյակ է տեղի ունեցած իրադարձության մասին, որը կոչվեց «Վարդերի հեղափոխություն»։ Այդ հեղափոխությունից հետո Վրաստանի կառավարությունը, ինչպես գիտեք, սկսեց պայքարել կազմակերպված հանցավորության դեմ՝ հռչակելով զրո հանդուրժողականության քաղաքականություն։ Վրաստանի այն ժամանակվա նախագահն անգամ հայտարարեց խորհրդարանում, որ յուրաքանչյուր ոք պետք է բանտ գնա։ Նման կերպ ի ցույց դրվեց Վրաստանի այդ ժամանակվա կառավարության մոտեցումը կազմակերպված հանցավորության, ներառյալ՝ այսպես կոչված «օրենքով գողերի» ու նրանց ներքո գտնվող ցանցերի նկատմամբ։ Այնուհետև, բարեփոխման ենթարկվեց նաև օրենսդրական դաշտը և այն դարձավ շատ կոշտ։ Այդ պայքարը անհրաժեշտություն էր, սակայն այն թերություններով լի էր։ Մենք՝ Վրաստանի ներկայիս կառավարությունը, պետք է ուղղի այդ թերությունները, որովհետև սա վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը՝ մինչ պայքարում ենք կազմակերպված հանցավորության դեմ», - պատասխանեց Թեա Ծուլուկիանիին։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ նախկին իշխանությունների օրոք քրեական տարրերը օգտագործվում էին իշխանությունների կողմից՝ պետության զավթման համար։
«Քաղաքական իշխանությունը սերտաճած էր քրեական աշխարհի հետ, որը դրսևորվում էր թե՛ ընտրությունների ժամանակ և թե՛ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և ցույցերի նկատմամբ ճնշումների ժամանակ», - նշեց իրավապաշտպանը:
Սակայն, ըստ Սաքունցի, միայն քրեական արդարադատության շրջանակում քրեական մշակույթի դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել։
«Ինքը պետք է լինի այն ծայրահեղ միջոցը, երբ բոլոր մնացած միջոցները արդյունք չեն տվել, իսկ որո՞նք են մնացած միջոցները՝ դրանք կրթական, սոցիալական, տեղեկատվական, ֆինանսական, առողջապահական, այսինքն՝ տարբեր բնագավառներում պետք է համալիր հայեցակարգ մշակվի քրեական հակամշակույթի կանխման, արժեզրկման համար», - ասաց Արթուր Սաքունցը: