Նախագահը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամների հետ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության արվեստանոց, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Երիտասարդները պատմել են իրենց տարբեր ձեռնարկների մասին՝ սահադաշտ Գյումրիում, տարբեր թեմաներով խճանկարների պատրաստում, աֆորիզմներ Գյումրու փողոցներում, բնապահպանական ակցիաներ, ծառատունկ, քաղաքի բարեկարգում և այլն։ «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնությունն ունի 300 անդամ, գործում է 2012 թվականից: Նախաձեռնության հիմնական նպատակն է վերհանել և լուծել Շիրակի մարզում առկա խնդիրները, մասնավորապես՝ սոցիալական, զբոսաշրջային, մշակութային, սպորտային ուղղություններով:

«Ձեր մասին տարբեր տեղերից լսելով՝ մտածեցի, որ կարող է դառնանք համախոհներ, ինչ-որ բան անենք միասին»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ ավելացնելով․ «Դուք մեր երկիրն եք, մեր երկրի ապագան եք։ Այն մարդիկ եք, ովքեր ստեղծագործ աշխատանքով են զբաղված, իսկ դա ամենակարևոր բանն է։ Դրա մեջ մեծ փիլիսոփայություն կա։ Ուրախ կլինեմ, եթե հնարավորություն լինի միասին աշխատել»։

Նախագահը, մասնավորապես, խոսել է ծնունդով գյումրեցի փիլիսոփա, երաժիշտ, մեծ մտածող Գյուրջիևի մասին, ցանկություն հայտնել վերականգնել Գյուրջիևի տունը Գյումրիում: