Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին

1988 թվականի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Քաղաքի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին՝ ձեռամբ՝ Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Գարեգին Համբարձումյանի, օրհնությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։ Պատարագին ներկա են եղել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, բազմաթիվ գյումրեցիներ։

Այնուհետև նախագահը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նախագահությամբ կատարվել է երկրաշարժի զոհերի հոգեհանգստյան կարգ։