ՀՔԾ-ն մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանի դիմումը` հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Հարությունյանի պաշտպանը նոյեմբերի 28-ին դիմել է գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել տեխնիկական խնդիրները՝ մասնավորապես հետախուզումը, որպեսզի Հարությունյանը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան։
Վահագն Հարությունյանը դեռ մեկ տարի առաջ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ ապացույցները կեղծելու համար։ 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների գործը քննած նախկին քննչական խմբի ղեկավարին սկզբում մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեջ։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։
Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդում է, որ հետախուզումն էլ անօրինական է։ Նա մեկ տարի առաջ «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Մոսկվայում է՝ բուժման նպատակով։