Ըստ պատգամավորի, ՄԽ համանախագահ երկրների նման շեշտադրման պատճառը «Ադրբեջանի տարածած փաստաթուղթն է»

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ են անում պաշտոնական Երևանին ու Բաքվին առարկայական բանակցությունների գնալ առանց արհեստական ձգձգումների՝ շեշտելով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ստատուս քվոն անընդունելի է։

Ի՞նչն է պատճառը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նման շեշտադրում են անում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո, իշխանական «Իմ քայլի» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը համոզված է՝ հայտարարության տեքստում նման շեշտադրումներն արցախյան խնդրի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած փաստաթղթի հետևանքն են։

«Առաջինը, որ ծագում է առաջին միտքը, դա Ադրբեջանի տարածած այդ փաստաթուղթն է ու դրա հետ առնչվող քարոզչական այդ շղարշը, որոնք որոշակիորեն լարվածություն ստեղծեցին հանդիպումից առաջ և դրան արդեն հաջորդեց հետագա հայտարարություններն ու տեքստը և ավելին ասեմ, դրան ի պատասխան հայկական կողմը նաև իր պաշտոնական մամուլի հաղորդագրությունում շեշտել է, ոչ միայն դրան ի պատասխան, այլ նաև, քանի որ այդ հարցը մեր օրակարգում է, Արցախ անմիջական և ուղղակի ներգրավվածությունը բանակցային գործընթացում», - ասաց Հայրապետյանը:

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի առաքելությունը տարածել էր արցախյան խնդրի քաղաքական կարգավորման շուրջ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը, որում որևէ նորություն չկա: Հուշագրում մասնավորապես, կրկին ասվում է, թե Ադրբեջանը հակված է հակամարտության կարգավորման փուլային տարբերակին:

Որպես առաջին քայլ՝ Բաքուն նշում է, թե հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Արցախից, և ձևակերպումն ադրբեջանական կողմինն է՝ «օկուպացված տարածքներից»։ Հաջորդ քայլը, Բաքվի պատկերացմամբ, պետք է լինի ադրբեջանական բնակչության վերադարձը` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը: Այս քայլերից հետո միայն Բաքուն պատրաստ կլինի որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան:

«Ես կարծում եմ՝ այստեղ պետք է հստակ արձանագրենք, որ այն փաստաթուղթը, որը փորձեց Ադրբեջանը շրջանառել և այսպես ասած նախապայմանով սկսել բանակցությունները ամբողջությամբ ձախողվեց, և Ադրբեջանը հայտնվեց բավականին հիմար իրավիճակում», - նշեց Տաթևիկ Հայրապետյանը:

Իշխող ուժի պատգամավորը ապակառուցողական է որակում Ադրբեջանի քայերը, դրանք պայմանավորում այդ երկրի ներքաղաքական գործընթացներով։

Այն, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դժգոհել է բանակցություններից, ցույց է տալիս, որ գործընթացը ճիշտ հունով է գնում, կարծում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։ Տաթևիկ Հայրապետյանը նկատում է՝ դժգոհության պատճառներից մեկն էլ հենց գերիների փոխանակման, այսպես ասած, ադրբեջանական կողմի ձախողումն է:

«Ես վստահ եմ, որ Ալիևը շատ-շատ ցանկանում է նախընտրական շրջանում ետ բերել և հերոսացնել նրանց, իսկ նրանց այդ քայլերը և ուղղված գործողությունները ամբողջությամբ տապալվեցին նաև այս ընթացքում: Մեզ համար շատ թանկ և կարևոր են մեր հայրենակիցների կյանքը, որոնք այժմ գերի են պահվում Ադրբեջանում, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, բայց փոխանակումը պետք է լինի համարժեք», - ասաց պատգամավորը:

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը ղարաբաղյան խաղաղ կարգավորման միջնորդական առաքելությանը։

Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում ղարաբաղյան շփման գծում և միջազգային սահմանին բռնությունների համեմատաբար ցածր մակարդակը և արձանագրում, որ կողմերը լիարժեք օգտագործել են ուղիղ հաղորդակցության ուղիները՝ լարվածության ռիսկը նվազեցնելու համար, ինչպես պայմանավորվել էին արտգործնախարարները Վաշինգտոնում հունիսին տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ:

Ընդգծելով, որ նման ջանքերը կարևոր դերակատարություն ունեն խաղաղ կարգավորմանը հասնելուն միտված առարկայական բանակցություններ անցկացնելու մթնոլորտում, պատվիրակությունների երեք ղեկավարները կոչ են անում «հավելյալ կոնկրետ հումանիտար և անվտանգային միջոցներ ձեռնարկել»:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի մեկնաբանմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն իրենց հայտարարությամբ վերահաստատում են՝ բանակցությունները պետք է շարունակվեն նույն մոտեցմամբ, ինչ նախկինում: Քաղաքագետը վստահ է՝ ուղերձն առաջին հերթին Ադրբեջանին է վերաբերում, քանի որ Արցախի խնդրի վերաբերյալ Բաքվի հրապարակած փաստաթուղթը հակասում է բանակցությունների սկզբունքներին։

«Ամեն ինչ, ոնց որ եղել է տարիներ շարունակ, դա ըստ երևույթին վերաբերում է նոր առաջարկների, վերաբերում է ֆորմատի, հազար ու մի բանի: Ամեն ինչ նույնն է և կողմերին առաջարկել են, որ այսպես, լավ կլիներ գնաք բանակցեք», - ասաց Սարգսյանը:

Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները նաև ողջունել էին «Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020 թվականի սկզբին համանախագահների հովանու ներքո հանդիպելու մտադրությունը՝ ակտիվացնելու բանակցությունները խաղաղ կարգավորման հիմնական հարցերի շուրջ և նախապատրաստելու բարձր մակարդակի բանակցություններ»:

Հայտարարության հեղինակները վերահաստատել էին, որ «արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում ու հավասար իրավունքներ:

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 4-ին։ Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Բրատիսլավայում ելույթ էր ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում՝ ներկայացնելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։ Մասնավորապես հայտարարել էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը։