«Ֆլեշ» ընկերության նախագահն ու նախկին գյուղնախարարը առերեսվել են

«Ֆլեշ» ընկերության նախագահ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ նույն՝ մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու գործով մեղադրյալ Բարսեղ Բեգլարյանը առերեսվել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ:

Հենց Կարապետյանն է, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, ցուցմունք տվել երրորդ նախագահի դեմ:

Բեգլարյանն ասաց, թե չի հիշում Կարապետյանը ցուցմունք տվե՞լ է Սարգսյանի և իր դեմ, թե՞ ոչ․ - «Հիմա չեմ հիշում: Ես այնքան անլուրջ եմ վերաբերվում դրան, որ ես իմ ուղեղում նման երկրորդական ինֆորմացիաներ չեն պահում»:

Չնայած իրեն մեղադրանք առաջադրելու մասին Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությանը՝ Բեգլարյանը պնդում է, թե այդ մասին տեղյակ չէ․ - «Պաշտոնապես ես տեղյակ չեմ: Ինձ պաշտոնապես հրավիրել են երկուշաբթի օրը, ժամը 14:00-ին ՀՔԾ»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքին՝ Բեգլարյանը համոզված է, որ դա «կեղծ մեղադրանք է»:

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել էր, որ 2013 թվականին, նախագահական ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, Հայաստանի կառավարությունը հաստատել էր գյուղացիների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է մարզպետարանների և Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կազմակերպությունների ներկայացրած հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր»-ը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղնախարարության պաշտոնյաները որոշել են որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը:

Ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ ավելի էժան վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ»-ի հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Եվ անտեսելով այս հանգամանքը, Հայաստանի երրորդ նախագահը, ըստ քննչական մարմնի, «Ֆլեշ» ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր ենթակաների միջոցով կազմակերպել է կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակությունը: Մասնավորապես հանձնարարել է անկախ ստացված էժան գնային առաջարկներից որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ընկերությանը»: Այս ամենի հետևանքով, ըստ իրավապահների, պետությունը գրեթե կես միլիարդ դրամի վնաս է կրել:

Երեկ լրատվական կայքերից մեկը զանգահարել էր Բեգլարյանի հեռախոսահամարով, զանգին պատասխանած անձը ասել էր, թե Բեգլարյանը «մահացել է և գնացել Հիսուսի մոտ»:

Առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար մեղադրվող Բեգլարյանն պնդում է, որ տեղյակ չէ, թե ով է պատասխանել լրագրողի հեռախոսազանգին․ - «Ես ի՞նչ իմանամ․․․ Իմ հեռախոսս աշխատանքի վայրում եմ թողնում, վարորդի մոտ եմ թողնում, պամոշնիկի մոտ եմ թողնում»:

Բարսեղ Բեգլարյան մեղադրյալի կարգավիճակ ունի նաև մեկ այլ քրեական գործով․ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ինքնիրավչություն է կատարել՝ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով։

Այսօր այս երկրորդ գործով հերթական նիստն էր, որի ընթացքում դատարանը լսեց վկաներին: