Ըստ Լոռու մարզպետի, նախկին պաշտոնյաները «տարիներ շարունակ քայքայել և սպառել են Ալավերդի քաղաքը»

«Տարիներ շարունակ պաշտոնյաները քայքայել և սպառել են Ալավերդի քաղաքն ու մեծ վնաս հասցրել», - իր տպավորությունների մասին հայտարարեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ալավերդի համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն ուսումնասիրելուց հետո։

«Նաև նման վերաբերմունքը նախկին պաշտոնյաների մինչև հիմա պահպանվում է և այնպիսի տպավորություն է, որ, օրինակ, Ալավերդի քաղաքում ինչքան վատ լինի հիմա վիճակն, էնքան լավ իրենց համար: Պետք է անկեղծ լինեմ, որ տպավորություն ունեմ, որ ներկայիս քաղաքապետը գտնվում է նախկին պաշտոնյաների ազդեցության ներքո և կաշկանդված է իրեն զգում», - նշեց Ղուկասյանը:

Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը մինչդեռ հակադարձում է՝ նախկին իշխանավորներն իրեն չեն կաշկանդում․ «Ես կաշկանդված եմ իմ փայ Աստծով, մեկ էլ իմ ժողովրդով»:

Ալավերդի խոշորացված համայնքն այս տարվա համար կառավարությանը ներկայացրել է ընդամենը մեկ ծրագիր։ 44 միլիոն դրամով նախատեսել է քաղաքի փոսալցում անել, մայթեր կառուցել ու կանգառներ բարեկարգել։ 44 միլիոնի գրեթե կեսը համայնքի ղեկավարն ու ավագանին տրամադրել են Ալավերդի, Հաղպատ և Աքորի բնակավայրերում 2500 մետր ճանապարհների փոսերը լցնելու համար։ Մարզպետն ու նրան ուղեկցող մասնագետները դժվարությամբ էին գտնում հազիվ նշմարվող ասֆալտապատված կտորները։ Անդրեյ Ղուկասյանն իր դժգոհությունը հայտնեց շինարարական աշխատանքների պատասխանատու Հարություն Ասլանյանին։

«Ո՞ւր ա, պարոն Խեչումյան, սա՞ ա այս տարվանը, էս ի՞նչ ա, արդեն քանդված ա: Պետք է ուղղանկյուն անեք, սենց չի կարա լինի, ուղղանկյուն անեք, եզրերը դարձնեք հստակ, որ էդ եզրերը եզրին կպնի: Ձեզ տված ա 2500 մետր, ճի՞շտ է, ձեզանից պահանջում ենք 2500 մետր որակյալ ասֆալտ», - ասաց Լոռու մարզպետը:

«Դե շուրջ 80 տոկոսը ուրեմն պետք է քաղաքի քերվեր նորից զրոյից ընդհանուր ասֆալտ արվեր», - հակադարձեց շինարարական աշխատանքների պատասխանատուն:

Ղուկասյանն արձագանքեց․ «Ուրեմն ավելի լավ է 10 փոսի փոխարեն 5-ը անեիք, բայց որակով»:

Համայնքը 7 միլիոն դրամ արդեն փոխանցել է շինարարական «ՍՏԱԳ» ընկերությանը։ Մարզպետ Ղուկասյանը դիմելով համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին, շեշտեց, որ կառավարությունն իր կողմից նախատեսված 10 միլիոնն անորակ աշխատանքի դիմաց չի փոխանցի։

«Պարոն Խեչումյան, Դուք էլ համայնքապետն եք, ինչի՞ չեք որակին հետևել: Սխալ է սա, պետական միջոցների անիմաստ վատնում է այս որակի փոսալցումը, էս գումարը չի փոխանցվելու, նախօրոք ես ասում եմ՝ բացառվում է, որ դուք գումար ստանաք այս աշխատանքի դիմաց», - ասաց Ղուկասյանը:

Լոռու մարզպետը եղավ նաև հարևան Ախթալա համայնքում, որտեղ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում է 8 կենսական նշանակության ծրագիր. վերակառուցվում են կիսաքանդ վիճակում գտնվող մշակույթի տուն, մանկապարտեզ, խմելու ջրի ներքին ցանց։ Բնակելի շենքերի տանիքներ են նորացվում, փողոցներ լուսավորվում ու գյուղական ճանապարհներ ասֆալտապատվում։

Համեմատության համար Լոռու մարզպետը նշեց, որ 426 միլիոն դրամ տարեկան բյուջե ունեցող Ախթալան սուբվենցիոն 8 ծրագրեր իրականացնելու համար ներդրել է 117 միլիոն դրամ։ Ավելի քան 1,5 անգամ ավելի բյուջե ունեցող Ալավերդին ներդրել է ընդամենը 20 միլիոն դրամ։

«Իհարկե, դա շատ փոքր, ծիծաղելի ծավալ է խոշորացված համայնքի համար», - ասաց Անդրեյ Ղուկասյանը:

Ալավերդի համայնքում Լոռու մարզպետը կանգ առավ նաև քաղաքի կենտրոնով անցնող երկաթգծի հարևանությամբ, որտեղ մի քանի տարի առաջ սեփականաշնորհված տարածքներում շինարարական աշխատանքներ են սկսվել։

Մարզպետը համայնքապետին ասաց՝ համոզվել է, որ ժամանակին ծիծաղելի ցածր գներով են օտարել քաղաքի ամենաթանկարժեք տարածքները՝ մեծ վնաս պատճառելով համայնքին։ Շեշտեց՝ դրանք օտարվել են նախկին պաշտոնյաների մասնակցությամբ և միջնորդությամբ, բացի այդ, խախտվել են երկաթուղու անվտանգության կանոնները։ Մարզի ղեկավարն անընդունելի համարեց համայնքապետի անգործությունն այս հարցում։

«Հիմա ստեղ ի՞նչ գործընթաց է, դադարեցվա՞ծ է: Ես այդ հարցումը նոր եմ արել, հիմա դիմելու եմ դատախազություն՝ ստեղ էլ է խնդիր», - ասաց Ղուկասյանը:

Համայնքապետը հայտարարեց․ «Ես որևէ կաշկանդվածություն չունեմ: Օտարման գործընթացին ես ոչ մի բանով չեմ մասնակցել»:

«Ղուկասյանն արձագանքեց․ «Եթե համարենք, որ չեք մասնակցել, հիմա գործող համայնքապետը Դուք եք և պետք է տեր կանգնեք համայնքի իրավունքներին: Դուք դիմե՞լ եք դատախազություն այս ապօրինությունը վերացնելու, որովհետև ապօրինի է այս ամենը և համայնքի վնաս է հասցվել, որովհետև շատ ծիծաղելի էժան գներով համայնքից օտարվել է այս հողերը»:

«Պարոն մարզպետ, 30 տարի է ծիծաղելի թվեր են», - ասաց Խեչումյանը:

Ղուկասյանն էլ ընդգծեց․ «30 տարի է, 40 տարի է, էսօր Դուք եք պատասխանատուն, Դուք պետք է անենք, ոչ թե ես սա: Համայնքին հասցված վնասները պետք է այնպես անեք, որ հետ բերեք, ոչ թե ես պետք է զբաղվեմ դրանով»:

Այս պահին շինարարությունը դադարեցված է։ Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատրաստվում է ձեռքի տակ եղած տվյալները ներկայացնել դատախազություն։