Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։ Ի պատասխան «Ազատության» հարցմանը տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից։
Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Բարսեղ Բեգլարյանը «Ֆլեշ» ընկերության նախագահն է։ Երեկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։
Ըստ ծավալուն մեղադրանքի, 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Հայաստանի կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է մարզպետարանների և Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կազմակերպությունների ներկայացրած հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները:
Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը:
Ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ ավելի էժան գնով վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Եվ անտեսելով այս հանգամանքը, նախկին նախագահը «Ֆլեշ» ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ: