Մատենադարանում նշվեց Հրաչյա Թամրազյանի ծննդյան օրը

«Կտրվելուց հետո է երևում միայն ծառի բուն հաստությունը»․ սևակյան այս տողերը թերևս լավագույն ձևով այսօր կհնչեին Մատենադարանում Հրաչյա Թամրազյանի ծննդյան օրվան նվիրված հանդիսության ժամանակ, որի ընթացքում կրկին ու կրկին ներկայացվեց ոչ միայն Մատենադարանը շուրջ 10 տարի ղեկավարած գիտնականի, միջնադարագիտության, մասնավորապես նարեկացիագիտության ասպարեզում բազմաթիվ մենագրությունների, հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակի, նաև անշուշտ մեր ժամանակների ամենահայտնի բանաստեղծներից մեկի կերպարը, այլև նրա ջերմ, մարդկային, հարաբերություններն իր գործընկերների ու գրչընկերների հետ։

Երեք տարի առաջ առաջ ծանր հիվանդության հետևանքով ընդհատվեց Հրաչյա Թամրազյանի երկրային կյանքը 62 տարեկան հասակում։ Մատենադարանն ամեն տարի նրա ծննդյան օրը համախմբում է թե՛ նրա հարազատներին, թե՛ գործընկերներին ու գրչընկերներին, և ինչպես շեշտում է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր -Ղևոնդյանը, չափազանց կարևոր է հիշել, որ Հրաչյա Թամրազյանն ոչ միայն իր լրջագույն ներդրումն է ունեցել Մատենադարանի հիմնանորոգման աշխատանքային գործընթացի բարեփոխումներում, այլև առհասարակ Հայաստանի անկախ հանրապետության կայացման գործում:

«Պարզ է, որ ամենայն ջերմությամբ միշտ հիշում ենք և հիշելու ենք: Հարցը միայն հիշելը չէ, նաև իր գործը շարունակելն է, կարևոր, հանգուցային հարցերում իր սկզբունքներին հետևելն է՝ իրականացնելու, գործադրելու համար այն, ինչ որ նախատեսվել է ու ինչ-ինչ պատճառներով կիսատ է մնացել: Շատ պայծառ, լուսավոր, պայծառատես մարդ էր, և իր այդ լուսավորությունը այսօր շատ է պետք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարանի երկարամյա աշխատակից Գուրգեն Գասպարյանն առանց հուզվելու չի կարողանում խոսել իր ընկերոջ՝ Հրաչյա Թամրազյանի մասին․ - «Հրաչյա Թամրազյանի ծննդյան օրը մեզ համար ոչ թե պարզ հիշատակի օր է, այլ քննության օր՝ մեզ քննության ենք ենթարկում, «մեր ներքին մարդուն», ինչպես սիրում էր ասել Թամրազյանը՝ տեսնելու համար, թե այն արժեքները, որ նա թողել է մեզ, ինչքանով են անխաթար մնացել: Թամրազյանին մենք ոչ թե հիշում ենք, այլ ապրում ենք նրա կողքին, որովհետև Մատենադարանում կատարված արմատական փոփոխությունների հիմքում հենց ինքը Թամրազյանն էր և իր աշխատանքը»:

Էդվարդ Միլիտոնյանի, Ալիս Հովհաննիսյանի և շատ ու շատ այլ գրողների համար Հրաչյա Թամրազյանը չափազանց թանկ ընկեր ու հարազատ մարդ էր, որի հետ մի երկար ճանապարհ են անցել՝ իրենց լավ ու վատ օրերով։

Էդվարդ Միլիտոնյան․ - «Առիթ հիշելու մեր հրաշալի բանաստեղծ, թարգմանիչ, նաև գրական, հրատարակչական, մշակութային կյանքի կազմակերպիչ Հրաչյա Թամրազյանին: Մենք մտերիմ ընկերներ էինք, և ամբողջապես կյանքը անցել է մի այլ կերպարանքով: Ես այդ ամենը հիշելով նաև՝ շարունակում եմ իմ մեջ այդ ամեն ինչը»:

Ալիս Հովհաննիսյան․ - «Սերնդակիցներ ենք և բախտ ենք ունեցել ընկերներ լինելու: Շատ լավ ընկեր էր ինքը, շատ լավ բանաստեղծ: Լավ բանաստեղծները միշտ վերարժեվորվելու կարիք ունեն, այսինքն՝ ժամանակի ընթացքում պիտի դեռ հասկանան նրանց: Այն, ինչ որ չեն արժեվորել իրենց կենդանության օրոք, անպայման կլինի հետագայում»: