Մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է, որ նախկին նախագահի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախկին նախագահն այսօր Հատուկ քննչական ծառայությունում էր՝ մեղադրանքն առաջադրելու գործողությանը մասնակցելու համար: «Ազատությանը» հաջողվեց արձանագրել Հատուկ քննչական ծառայության հետնամուտքից դուրս եկող ավտոմեքենան, որը ենթադրաբար նախկին նախագահին էր տեղափոխում:

Ըստ ծավալուն մեղադրանքի, 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Հայաստանի կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է մարզպետարանների և Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կազմակերպությունների ներկայացրած հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները:

Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը:

Ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ ավելի էժան գնով վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Եվ անտեսելով այս հանգամանքը, նախկին նախագահը «Ֆլեշ» ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Սրա հետևանքով, ըստ ՀՔԾ-ի, կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդի հաշվից ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար Գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել մոտ ավելի քան 1 միլիարդ 700 միլիոն դրամ, որն էլ փոխանցվել է «Ֆլեշ» ընկերության բանկային հաշվին:

Հետագայում, ինչպես հաղորդում է ՀՔԾ-ն, կառավարությունը որոշել է հատկացվող վառելիքի քանակն ավելացնել ևս 302 հազար լիտրով, իսկ տրամադրված գումարի չափն ավելացնել ավելի քան 31 միլիոն դրամով: Ավելացված գումարը ևս փոխանցվել է «Ֆլեշ» ընկերությանը:

Ըստ ՀՔԾ-ի, այս ծրագրի արդյունքում իրացվել է ավելի քան 12 միլիոն լիտր վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է ավելի քան 1 միլիարդ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 միլիոն դրամ, այսինքն՝ վատնվել է ավելի քան 423 միլիոն դրամ ավելի վճարված գումարը:

Չիրացված վառելիքի մնացած մասի՝ ավելի քան 5 միլիոն լիտրի համար տրամադրված մոտ 552 միլիոն դրամը, կառավարության որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ընկերությանը՝ 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: Կառավարության որոշմամբ՝ 2013 թվականի սեպտեմբերի 12-ին Գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված մոտ 552 միլիոն դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6 միլիոն 131 հազար 062 լիտր դիզելային վառելիքի համար:

Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է ավելի քան 3 միլիոն լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է ավելի քան 297 միլոն դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231 միլիոն 240 հազար 170 դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է ավելի քան 66 միլիոն դրամ ավելի վճարված գումար: