Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում «խելացի լուծումներին» և առաջիկա տարիներին համաշխարհային շուկայում սպասվող զարգացումներին նվիրված համաժողովի շրջանակում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված օտարերկրյա փորձագետները գործարար համայնքին և պետական հատվածին կներկայացնեն սպասվող մարտահրավերները, ինչպես նաև քննարկումներ կծավալեն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղություների շուրջ:
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ լիովին աջակցում է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ջանքերին:
«Ինձ դուր եկավ համաժողովի անվանումը՝ «Սիլիկոնյան լեռներ»: Կարծում եմ՝ այսօր կատարվող քայլերը «բլուրներ» են, որոնք մի օր միավորվելով՝ կդառնան Սիլիկոնյան լեռներ», - նշել է նախագահը: